Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ձեռնպահ է մնացել Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամկետի մասին տվյալներ հրապարակելուց։

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ սլովակ լրագրողը հետաքրքրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավոր ժամկետի մասին եւ առաջարկեց հանդիպումն անցկացնել Բրատիսլավայում։

Համոզմունք հայտնելով, որ Բրատիսլավան տարբեր հանդիպումների անցկացման հիանալի վայր է, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ անցած տարվա մայիսից հայկական կողմն ակտիվորեն ներգրավվել է գործընթացին։ Տեղի են ունեցել հանդիպումներ տարբեր մակարդակներում։ «Մենք լիովին վստահում ենք ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափին եւ սպասում ենք հաջորդ փուլին։ Մենք շարժվում ենք դեպի նոր փուլեր կառուցողական ոգով»,- նշել է նախարարը։ Սակայն կոնկրետություն չմտցրեց, քանի որ հանդիպումները համաձայնեցվում են եւ դրանց մասին կողմերը տեղեկացնում են համաժամանակյա։ «Դրա համար խնդրում եմ համբերել։ Երբ պահը մոտենա, մենք կտեղեկացնենք։ Աշխատանքը շարունակվում է»,- նշել է նախարարը։