Մեր քաղաքականությունը հետեւյալն է, որ պետք է ունենանք խոշոր եւ խոշորացված համայնքներ, որտեղ կարեւոր է լինելու քաղաքացու ցանկությունը: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Միաժամանակ, չպետք է տուրք տանք տարիներ շարունակ արմատացած կլանային եւ ազգակցական կապով իրենց աթոռին գամված համայնքապետերի եւ նրանց ունեցած իշխանությանը: Մենք իրական հանրությանը պետք է բերենք քննարկումների դաշտ: Սա մեր տեսլականն է, որ տանելու է համայնքների զարգացման եւ ապակենտրոն կառավարման»,-ասաց նախարարը:
Նա նկատեց, որ այստեղ ունեն սուբյեկտիվ եւ օբյեկտիվ խնդիրներ. «Օբյեկտիվ խնդիրն այն է, որ համայնքների խոշորացումները նախկինում շատ հաճախ տեղի են ունեցել քաղաքական նպատակահարմարությունները հաշվի առնելով, երբ նախօրոք իմացել են, թե ով է լինելու հաջորդ համայնքապետը: Մարդկանց ասվել է՝ դուք կլինեք վարչական ղեկավարներ, իսկ այսինչը, ով ավելի հաճելի է իշխանությանը, կղեկավարի համայնքը: Բոլորս գիտենք դրա մասին: Բայց նույնիսկ այդ դեպքում մենք չպետք է գնանք վերանայումների ճանապարհով:
Սուբյեկտիվն այն է, որ նախկին իշխանավորները, նախկին համայնքապետերը 10, 20 ընդհուպ 30 տարի պաշտոնավարել են, ու հիմա դժգոհ մնալով իրենց կարգավիճակից, փորձում են քաղաքական նոր իրողություններ օգտագործել ի շահ իրենց: Խաղում են հանրային զգացմունքների հետ»,-ասաց Պապիկյանը:
Նա ընդգծեց, որ իրենք չեն գնալու վարչահրամայական մեթոդների կիրառման ճանապարհով. «Այո, մենք պետք է լսենք մարդկանց խնդիրները, բայց երբ ասում ենք, որ պետք է համայնքները համաձայն լինեն խոշորացմանը, մենք չենք խոսում համայնքապետերի, կլանների ու ազգերի մասին: Մենք պետք է ունենանք տնտեսական հաշվարկ, ներկայացնենք քաղաքացուն, թե ինչ է նա շահում այս խոշորացումից: Քաղաքացին պետք է ներկայացնի, թե ինչից է տուժում համայնքը եւ ինքը: Երբ լինեն խոշոր համայնքներ, որոնք ունակ կլինեն լուծել խնդիրները, մենք մարզպետարանի որոշ լիազորություններ կպատվիրակենք համայնքներին: Մենք ունենալու ենք կայուն, որեւէ չինովնիկից չկախված ու ինքնուրույն համայնքներ, իրական տեղական ինքնակառավարում, որտեղ ավագանին իրական հակակշիռ է համայնքի ղեկավարին, ոչ թե հլու կամակատարը»:











