ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի եւ պաշտոնատար այլ անձանց ներկայությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել «Բարձրակարգ ագրոնոմների վերապատրաստման նպատակով ուսումնափորձարարական ջերմատան վերակառուցման ծրագրի» 67,212 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային պայմանագրի ստորագրման արարողությունը։
Պայմանագիրը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան եւ «Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնի» (ICARE) տնօրեն Արթուր Գրիգորյանը։
Ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի դեսպանության «Դրամաշնորհային աջակցություն մարդկային անվտանգության ծրագրերի համար» ծրագրի շրջանակում։
Ծրագրի նպատակն է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հին ջերմոցը վերափոխել նորագույն ժամանակակից ուսումնափորձարարական ջերմատան։ «Այս համագործակցությամբ հայ-ճապոնական կապերը տեղափոխվում են մեկ այլ հարթություն՝ այն է բարձրացնել ագրարային ոլորտի ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների կրթական մակարդակը, առավել գործնական դարձնել նրանց շփումներն արտադրության հետ։ Նման ուսումնափորձարարական ջերմատան շահագործումը եւս մեկ քայլ է ագրարային համալսարանը ագրոտեխնիկական հիմքերի վրա դնելու ուղղությամբ»,-իր ելույթում մասնավորապես նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանը։
Նա նաեւ հավելել է, որ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվել են բազմաթիվ արդյունավետ ծրագրեր, որոնք նպաստել են մեր երկրում գյուղատնտեսության զարգացմանը, մասնավորապես, արդիականացվել է երկրի գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանը, համալրվել է նյութատեխնիկական բազան, կազմակերպվել են մասնագիտական վերապատրաստումներ։
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան իր խոսքում ընդգծել է ծրագրի կարեւորությունը՝ մատնանշելով գյուղատնտեսության վճռորոշ դերը Հայաստանի տնտեսության մեջ եւ հավելելով, որ այն լիովին համապատասխանում է ՀՀ կառավարության ռազմավարությանը եւ զգալիորեն կնպաստի գյուղատնտեսության ներուժի հետագա զարգացմանը։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով՝ սա կարեւոր իրադարձություն է համալսարանի համար, որով ներդրում է կատարվում ագրոտեխնոլոգիաներով հագեցած, ուսանողակենտրոն միջավայր ձեւավորելու ուղղությամբ։
«Արդեն անցել են ժամանակները, երբ մասնագետներ պատրաստում են միայն լսարաններում։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր բարձրակարգ մասնագետները նաեւ զինվեն պրակտիկ հմտություններով եւ այս առումով ծրագիրը գեղեցիկ նվեր է Ճապոնիայի կառավարության կողմից»,- ընդգծել է Վարդան Ուռուտյանը։
Ջերմատունն ունենալու է 420 քմ տարածք, կիրառվելու է ուսումնական եւ հետազոտական նպատակներով ՀԱԱՀ ուսանողների ու դասախոսների, ICARE հիմնադրամի «Ջերմատնային մշակաբույսերի արտադրություն եւ կառավարում» 8-ամսյա նորարարական կրթական ծրագրի ունկնդիրների, ինչպես նաեւ ֆերմերների կողմից։











