Ազգային ժողովի դիմաց այսօր՝ մարտի 27-ին, բողոքի ցույց իրականացնող գրավատների եւ փոխանակման կետերի ներկայացուցիչների հետ հանդիպեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։

«Նախագծի փաթեթը մենք ուսումնասիրել ենք, հստակ երեւում է, որ սա բանկերի լոբբինգ արած ծրագիրն է»,–նշեց պատգամավորը։

ԼՀԿ պատգամավորը շեշտեց՝ այս հարցում ԼՀԿ–ն ամբողջությամբ սատարում է գրավատներին եւ փոխանակման կետերին. «Այս հարցում մենք լրիվ սատարում ենք ձեզ, երբ Ազգային ժողովում այդ քննարկումը կար, համապատասխան հանձնաժողովում մեր ներկայացուցիչը կրկին այդ մոտեցումը պաշտպանել է, որ չի կարելի 60 անգամ փոքրերի համար պետտուրքը բարձրացնել, բանկերի համար՝ ընդմանենը 2.3 անգամ»։

Ցուցարարները ներկայացրեցին կառավարության դիրքորոշումը, որ կամ գրավատներն ու փոխանակման կետերը պետք է գնան խոշորացման, կամ պետտուրքը պետք է ավելանա, որին Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց. «եթե այդպես է փոքր կրպակները պետք է փակվեն։ Այստեղ լուրջ հակասություն կա հենց կառավարության ծրագրի մոտեցումների հետ»։ 

Նշենք, որ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, ըստ որոնց 60 անգամ, այն է՝ 6000 տոկոսով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք: