Գրավատների եւ արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի մոտ եւ ցանկանում են հանդիպել վարչապետի հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

Պատգամավորը ցանկացավ իմանալ, ժամը 16:00-ին, երբ կլինի ընդմիջում, կհանդիպի արդյո՞ք վարչապետը նրանց հետ:

Նիկոլ Փաշինյանի ի պատասխան նշեց. ««Ես չեմ կարծում, որ քաղաքացիների հետ շփվելու առումով միջնորդության կարիք ունեմ: Շնորհակալ եմ, որ տեղեկացնում եք, սակայն քաղաքացիները սխալ հասցեով են դիմել, եթե ինձ հանդիպելու համար Ձեզ են դիմել: Չնայած վատ չեմ զգում: Ես չգիտեմ: Ես կհանձնարարեմ իմ օգնականը կմոտենա ու կլսի նրանց, եթե անհրաժեշտություն լինի, ես էլ կմոտենամ»:

Նշենք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվում են փոփոխություններ, ըստ որոնց 60 անգամ, այն է՝ 6000 տոկոսով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք: