Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում մարտի 27-ին Կառավարության 2018թ․ գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ ստիպված է եղել պատասխանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի մի շարք անհարմար հարցերին։

Խորհրդարանականը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե ինչ իրավունքով է Արարատի մարզի մարզպետի պաշտոնը զբաղեցնում մի մարդ, որը կոկորդիլոսին թռչնից չի տարբերում։

«Հավատավոր ժողովուրդը երբ ձեր հետևից գալիս էր հեղափոխության ժամանակ, առաջին հերթին ակնկալում էր, որ հեղափոխությունից հետո հաստատվելու արդարության և հավասարության մթնոլորտ։ Ի՞նչ է անում պատգամավորը երկրի քաղաքական համար մեկ ամբիոնի մոտ, եթե նա չի կարողանում կարդալ իր տեքստը։ Ի՞նչ իրավունք ունի մարզպետ լինել մարդը, որը կոկորդիլոսին թռչնից չի տարբերում։ Ինչպե՞ս կարող է Վերահսկողական ծառայության ղեկավար լինել մի մարդ, որը խախտում է պրոֆեսիոնալ էթիկայի կանոնները, իսկ հետո որ հաց են տալիս՝ չե՞ք մտածում, որ ձեզ կձերբակալեն, ասում ա՝ ես ձերբակալվողի նմա՞ն եմ»,- հարցրել է Պետրոսյանը։

Նա նաեւ կոչ է արել ուշադրություն դարձնել Հայաստանում հավասարության մթնոլորտի պահպանման անհրաժեշտության վրա։

Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է, որ կիսում է Պետրոսյանի մտահոգությունը. «Եթե դուք վստահ եք, որ ձեր խմբակցության բոլոր պատգամավորները կարող են ձեր ուզած չափանիշերով տեքստը կարդալ, ես հանձնվում եմ ձեր առաջ»։