Պետական տոները պետք է միավորող լինեն, պետք է պատմության փորձություն անցնեն։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով քաղաքացու օր սահմանելու կառավարության որոշմանը։

Աշոտյանը հիշեցրել է, որ մինչ այդ իշխանության քարոզիչները հերքում էին նման օր նշելու մտադրության մասին մամուլի հրապարակումները, բայց նրա խոսքով՝ «այս անգամ Նիկոլը սխալվեց, եւ այդպիսի նախաձեռնություն, որքան էլ, կներեք, մարազմատիկ է այդ նախաձեռնությունը, գոյություն ունի»։

Ըստ Աշոտյանի՝ ինչպես չէր կարելի, հետհեղափոխական էյֆորիայում արտահերթ ընտրություններ կազմակերպել, այնպես էլ չի կարելի հետհեղափոխական էյֆորիայում հեղափոխության հիշատակի օր սահմանել։

Աշոտյանը նաեւ հիշեցրել է պատմության փորձը՝ Ֆրանսիայի հեղափոխական տոնացույցը, որից ոչինչ չմնաց՝ բացի Բաստիլի գրավման օրից։

ՀՀԿ նախագահը նաեւ շատ զավեշտալի համարեց, որ այդ տոնը շրջիկ է լինելու․ «Եկեղեցական օրացույցների նման մի հատ էլ հեղափոխական օրացույց պետք է լինի, որ տեսնես Սուրբ Սարգիսը երբ է, Զատիկը երբ է, եւ քաղաքացու օրը երբ է»,- ասաց նա։