Եկեք փակենք բոլոր սահմանները եւ ուտենք կարտոֆիլի բոլոր պաշարները: Այս մասին մարտի 28-ին Ազգային ժողովում կառավարության 2018 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման շրջանակում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի մտահոգություններին, որ Իրանի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է հանգեցնել նրան, որ էժան գյուղատնտեսական արտադրանքը կլցնի  հայկական շուկան:

Վարչապետի խոսքով, ազատ առեւտրի համաձայնագիրը ենթադրում է, որ ոչ միայն ապրանքները կարող են ներմուծվել Իրանից Հայաստան, այլեւ հակառակը՝ Հայաստանից Իրան: «Եվ հետաքրքիր է, որ երեք միլիոնանոց շուկան պայմանագիր է կնքում 80 միլիոնանոցի հետ, իսկ մենք այնպես ենք արձագանքում, որ մեր շուկան միանգամից կարտոֆիլով կլցնեն, եւ գները կնվազեն», - ասաց Փաշինյանը:

Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ Հայաստանը կարող է արտահանել մոտ 150 հազար տոննա կարտոֆիլ, բայց չի անում դա:

«Մեր մտածողությունը շարունակում է մնալ այն, որ մենք պետք է կարտոֆիլը տանենք Կոմիտասի պողոտայի վրա շարենք ու վաճառենք: Սա մեր պրոբլեմն է. 80 միլիոնանոց շուկան բացում ենք ու մտածում, թե կարո՞ղ է 3-միլիոնանոց շուկան գրավեն: Այո, եթե չաշխատենք, իհարկե, կգրավեն»,-ասաց Փաշինյանը:

Նա նաեւ հեգնեց. «Եկեք փակենք մեր բոլոր սահմանները եւ այնքան կարտոֆիլ ունենք, որ սպառվեն մեր երկրի բոլոր ներքին պաշարները»:

Կառավարության ղեկավարը նաեւ հիշեցրեց, որ նախօրեին պատգամավորները վավերացրել են այդ Համաձայնագիրը, եւ միայն մեկ պատգամավոր է «դեմ»  քվեարկել: Այդ ժամանակ Ստեփանյանը խոստովանեց, որ այդ ձայնն իրեն է պատկանում: