Բյուջեով նախատեսված կա գումար վերելակների վերանորոգման համար, բայց վերելակների փոփոխման հարցը պետք է լինի կոմպլեքս: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նրա խոսքով, այդ ուղղությամբ աշխատանքները սկսված են. «Դա կապված է մեծ գումարների հետ եւ մենք փնտրում ենք այդ գումարները նաեւ մասնավորի հետ համագործակցության մեջ: Այլապես եթե պետությունն ունենար փող, կարելի էր այն տրամադրել ու սկսել պրոցեսը: Քանի որ չենք ուզում արտաքին պարտքը մեծացնել, փորձում ենք այլ լուծումներ գտնել»,-ասաց նա:
Հիշեցմանը, որ իր քարոզարշավի ժամանակ ինքը ցուցադրում էր եվրոպական ստանդարտներով վերելակներ եւ խոստանում, որ Երեւանում փոխվելու եբոլոր վերելակները, Մարությանը նշեց, որ այժմ քննարկումների փուլում են մասնավորի հետ համագործակցության հարցերով. «Պետք է ունենալ լավագույնը, որ պետք է թե վերելակների որակը լավը լինի, թե հետագայում բնակիչների վրա վերելակի ծախսը մեծ չլինի, այդ ուղղությամբ ենք աշխատում»:











