ԵԿՄ վարչության կազմում հնարավոր է լինեն Քառօրյա պատերազմի մասնակիցներ։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու, ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
Անդրադառնալով այն տեղեկություններին, թե նոր ձեւավորվելիք վարչության կազմում լինելու են ՔՊ–ականներ, Միքայելյանն արձագանքեց.
«ՔՊ–ն ի՞նչ գործ ունի երկրապահում, կգա ժամանակ եւ կտեսնեք, եթե ես ընտրվեմ նախագահ, վարչությունը ձեւավորվի, կտեսնեք՝ ովքեր կլինեն եւ մատնացույց կանեք»,–ասաց նա՝ հավելելով, որ հետագայում վարչության կազմում հնարավոր է լինեն Քառօրյա պատերազմի մասնակիցներ։
Անդրադառնալով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից ՊՆ–ում դասախուսություն կարդալուն, Միքայելյանն ասաց, որ ինքը չի մասնակցել փակ նիստին։
Դիտարկմանը, թե բանակում չծառայած մարդը կարո՞ղ է գեներալներին դասախոսություն կարդալ, պատգամավորն արձագանքեց. «Նայած ինչ գեներալ»։
Հիշեցնենք, որ ԵԿՄ անդամները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ ԵԿՄ ղեկավար առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Արտահերթ նիստի օրը դեռ հայտնի չէ։











