Աշոտ Նավասարդյանը մեր երկրի անկախության համար ամենակարեւոր գործիչներից մեկն է: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանը՝ հիշեցնելով, որ խորհրդային տարիներին Նավասարդյանը 11 տարի անցկացրել է բանտում, իսկնորանկախ Հայաստանում ստեղծել է առաջին կուսակցությունը՝ ՀՀԿ-ն:

Անդրադառնալով փաստին, որ շատ ՀՀԿ-ականներ վերջին ամիսներին լքել են կուսակցությունը, Գալուստ Սահակյանն ասաց. «Նրանք, որոնք իրական հանրապետականներ են, այսօր էլ կուսակցությունում են: Այսօր էլ նրանց թիվը շատ բազմաթիվ է: Եթե երկրում որեւէ փոփոխություն կատարվում է, դա չի նշանակում, որ ՀՀԿ-ն այն խնդիրները, որ իր առջեւ դրել է, մինչեւ վերջ չի տանելու»:

Նա ընդգծեց, որ իրենք կողմնակից են, որ իշխանություններ կարող են ձեւավորվել միայն ընտրական ճանապարհով. «Մնացած բոլոր դեպքերում դրանք չեն կարող երկրի համար այնպիսի հզոր գործակիցներ դառնալ, որպեսզի մեր ժողովրդի իրական երազանքներն արթնանան»:

Հարցին, թե այսինքն սխալ մարդի՞կ են եղել ՀՀԿ-ի կողքին, երբ ՀՀԿ-ն իշխանություն էր, ԱԺ նախկին նախագահն արձագանքեց. «Մեր ժողովրդից որեւէ մեկը սխալ մարդիկ չեն: Նրանք, որոնք մեզ հետ  քայլում էին առաջ, նույն մարդիկ գնացել են նոր իշխանությունների կողքը, պայքարում են նոր իշխանությունների համար: Այստեղ կարելի է շատ դառը պատմություններ հորինել, բայց կարելի է նաեւ զիջողաբար մոտեցումներ ունենալ: Այդ գնալ-գալը ՀՀԿ-ի համար որոշիչ կարգավիճակներ չեն»: