Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մարտի 28-ին, աշխատանքային նախաճաշ է ունեցել Առաջնորդության դպրոցի ունկնդիրների հետ: այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահն անմիջական զրույց է ունեցել երիտասարդների հետ, պատասխանել երկրի զարգացման տեսլականին, տնտեսության հեռանկարային ոլորտներին վերաբերող նրանց հարցերին, ինչպես նաև լսել երիտասարդների կարծիքներն ու տեսակետները:

Ձեռքսեղմումների ժամանակ դպրոցի օտարերկրացի սաներից մեկի ակցենտով «բարև ձեզ, ո՞նց եք»–ին Արմեն Սարգսյանը պատասխանել է նրա ակցենտով՝ «Լավ եմ, դո՞ւ ոնց ես»։ 

Ընդգծելով երիտասարդների՝ որպես վաղվա առաջնորդների դերը՝ նախագահը կարևորել է նրանց մասնակցությունն ու ներգրավվածությունը երկրի կյանքի տարբեր բնագավառներում:

Նախագահը նշել է, որ երկրի առաջընթացն ապահովող բոլոր ոլորտներում պետք է ձգտել լինել լավագույնը, իսկ դրան հասնելու հիմնավոր ճանապարհը կրթությունն է: