Ապրիլյան քառօրյայի մասնակից Ալբերտ Վարպետյանի մայրը՝ Սիրանույշ Տելյանը, նախօրեին ներկա է եղել ավագանու «Իմ քայլը» խմբակցության նիստին, որից շատ դժգոհ է մնացել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Սիրանույշը։
«Երեւի 30 հոգի կլինեին, բայց 30–ից 5–ն էին լսում իմ խնդիրը։ Մյուսները ծաղրելով, քմծիծաղ տալով, մեկը հետեւից գոռում էր, որ իրեն լսել ենք, ինչու պետք է նորից լսենք, պարբերաբար դիմացի նստած տղաները քմծիծաղ տալով ասում էին, թե խի՞ պիտի սենյակ տան քո տղուն»,– պատմեց տիկին Սիրանույշը։
Տելյանի խոսքով՝ ժամանակին իր որդուն խոստացած բնակարանի գործի ձգձգումն ուղիղ կապ ունի Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջին կարգի մասնագետ Ավագ Սարգսյանի հետ, որը տիկին Սիրանույշի խոսքով, համաձայնության գալով «շենքի լիազոր» Աիդա Դոխոյանի հետ, ձգձգել է իրենց բնակտարածք տալու հարցը՝ դրա դիմաց իրենից Աիդա Դոխոյանի միջոցով գումար ստանալու ակնկալիքով։
Ավագ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակում։ Տելյանի նշած սենյակներն արդեն գրանցվել են համայնքի անունով ու նրան տեղյակ է պահվել, որ բնակարանի օտարման իրավասությունը Երեւանի ավագանունն է։
«Նրա խնդրանքով վարչական շրջանի ղեկավարը միջնորդագիր է գրել Երեւանի քաղաքապետին, որ խնդրում ենք հնարավոր լինելու դեպքում Սիրանույշ Տելյանի ընտանիքին ապահովել բնակարանով` կոնկրետ չնշելով, թե որ բնակարանով»,–ասաց Ավագ Սարգսյանը։
Նրա խոսքով` այժմ արդեն գործով իրավասու է զբաղվել քաղաքապետարանը, որտեղից, սակայն, դեռևս իրենց որևէ հանձնարարական չի տրվել։
Սիրանույշ Տելյանի խոսքով՝ ավագանու մի քանի անդամներ, ասել են, որ ամեն բան կանեն՝ այս հարցը եւս մեկ անգամ ավագանու նիստում բարձրացնելու համար։
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց կնոջը ծաղրելու մեղադրանքը. «Աբսուրդ ա, ոնց եք պատկերացնում 20–30 մարդ նստած մի կնոջ ծաղրեն»։
Նրա խոսքով՝ այդ պատմությունը կնոջ պատմելով ամբողջովին քրեական տարրեր պարունակող պատմություն է, որն սկսվել է դեռ նախկին իշխանությունների օրոք. «Մենք իրեն ուղղակի ասել ենք, որ դա մեր տիրույթում չի, դիմեք իրավապահ մարմիններին, թող պարզեն։ Ինքն ասեց, որ բոլորին ձայնագրել ա, ես էլ ասացի, եթե ունեք փաստեր, տվեք, ես ընթացք կտամ այդ գործին, ամեն ինչով կաջակցեմ։ Բայց իր մոտ եղած ձայնագրություններն անօրինական են, որովհետև առանց այդ մարդկանց իմացության է ձայնագրել։ Այդ ձայնագրությունների մեջ ես ոչ մի բան չտեսա, ինչ–որ խոսակցություններ են, որտեղ զանգում, ասում ա՝ իմ հարցն ի՞նչ եղավ, իրեն ասում են, որ կնայենք։ Առանձնապես բան չկար»։
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի մասնակից Ալբերտ Վարպետյանի մայրը՝ Սիրանույշ Տելյանը, վստահեցնում է, որ ժամանակին քաղաքապետարանը խոստացել է սենյակ հատկացնել իր որդուն այն հանրակացարանում, որտեղ այժմ իրենք բնակվում են, սակայն ապօրինաբար ձգձգում են գործընթացը։ Վարպետյանների 4 հոգանոց ընտանիքը բնակվումէ Վարդաշենի հնարակացարանի 23 քմ տարածքով սենյակում, Ալբերտն ամուսնացել է, երեք ամսից կծնվի առաջնեկը, իսկ ներկայիս սենյակն այնքան փոքր է, որ հնարավոր չէ կենցաղային պայմաններ ապահովել նորածնի համար։











