Ազգային ժողովի նիստը տապալվելուց հետո խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորներին հրավիրել է իր մոտ՝ խորհրդակցության: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ չի կարող մեկնաբանել պնդումները, որ նիստը հատուկ է տապալվել: «Թե ինչու իրենք (Իմ քայլի» պատգամավորները-խմբ) չեն ներկայացել, պատճառը որն է, ինչ ենթատեքստ կա, ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել: Մեր խմբակցությունը գրեթե ամբողջությամբ ներկայացել է, մյուսների վարքագծի մասին դատողություններ անել չեմ կարող: Եթե տեղյակ չեմ պատճառներից, որքանով է լուրջ, որ ասեմ՝ կա դիտավորություն, միտում»,-ասաց Գեւորգյանը:

Դիտարկմանը, որ ԱԺ նիստի տապալմամբ, Սահմանադրական դատարանի պահանջը չի կատարվում, Պետրոսյանն արձագանքեց, որ չի կարող իրեն դրա համար պատասխանատու համարել: «Եթե այս իրավիճակը պահպանվի, իրավական վակուումը կմնա չփակված»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե մինչեւ ապրիլի 1-ը չհաջողվի օրենքն ընդունել, ապա հարցը կմնա չկարգավորված: «Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղը չի համալրվելու: Ամենամեծ հետեւանքը դա է»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը: