ԲՀԿ-ի համար անակնկալ էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց խորհրդարանի արտահերթ նիստը: Այս մասին, այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Հարցին, թե իր կարծիքով, ինչու «Իմ քայլի» 35 պատգամավորներ Արցախ մեկնելով, ըստ էության, տապալեցին արտահերթ նիստը, Բագրատյանն արձագանքեց. «Իշխող կուսակցության 35 հոգին էլ թող այդ հարցին պատասխանեն: Մենք մեր աշխատանքները պատշաճ կատարում ենք: Ում կողմից խաթարվում են աշխատանքները, իրենք պետք է պատասխանեն»:
Բագրատյանը չցանկացավ գնահատական տալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների այս քայլին. «Կա անմեղության կանխավարկած, չմեղադրենք մարդկանց՝ չիմանալով, թե ինչու են բացակայում: Միգուցե այնպիսի պատճառ կար, որ բոլորս համարեինք հարգելի: Քանի դեռ հայտարարություն չի արվել, չենք կարող բանա ասել»: Հիշեցնենք, որ նիստի մեկնարկին գրանցվել էր 44 պատգամավոր, չէին ներկայացել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ 4 ժամվա ընթացքում կարող են գալ և գրանցվել, և եթե քվորում կապահովվի, նիստը կգումարվի: Նշենք, որ ԱԺ-ն պետք է քննարկեր «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ: Այս փաթեթը վերաբերում ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու կարգին: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Գոռ Հովհաննիսյանին: Ըստ մամուլի տեղեկությունների, «Իմ քայլը» մտադիր է այս փոփոխություններով հասնել նրան, որ հնարավորություն ստեղծվի, որ Վահե Գրիգորյանը ևս մեկ անգամ հնարավորություն ստանա առաջադրվելու:











