Ադրբեջանի կողմից մարդասիրական ասածը, երեւի Ադրբեջանում գտնվող հայ բանտարկյալի մասին է, որ 20 տարի ազատազրկման էին դատապարտել, գուցե, ազատ արձակեն կամ փոխանակեն: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի գրասենյակի քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը գնահատելով երեկ՝ մարտի 29-ին, Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ բանակցությունները:
Ըստ Կիրո Մանոյանի՝ երեւի թե այդպիսի արարքների մասին է խոսքը, ոչ թե մեծ մասշտաբի արարքների մասին:
Դիտարկմանը, թե երկու կողմերն էլ դրական են գնահատել հանդիպումը, Կիրո Մանոյանն ասաց. «Դրականը դրական է, բայց նաեւ մեր վարչապետի այն հաստատումը, որ բանակցային գործընթացում փոփոխություն հեղափոխություն չկա, բեկում չկա, դա վկայում է այն մասին, որ հարցի էության մասին, եթե նույնիսկ երկուսով առանձնազրույցի ժամանակ խոսել են՝ այդտեղ ոչ մի առաջընթաց չկա»:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջին պաշտոնական հանդիպումը: Նախորդ երեք հանդիպումները, որոնք տեղի էին ունեցել Դավոսում, Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում չէին կրում պաշտոնական բնույթ: Երկուսն էլ հանդիպումը գնահատել են դրական: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հայտարարության մեջ հաստատել են, որ հանդիպումն անցել է դրական եւ կառուցողական մթնոլորտում:











