Մարդ կա, որ գտնվում է բարձր մակարդակի վրա, եւ Նազենի Ղարիբյանի նմանները իրավունք չունեն մոտիկանան։ Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում հայտարարեց ռեժիսոր Նարինե Ստեփանյանը՝ անդրադառնալով մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի որոշմանը, որով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենի պաշտոնից:

Ըստ նրա, ինչ–որ կատարվում է Օպերայում խայտառակություն է հանրապետության համար եւ Կոստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատման լուրը արձագանք է գտել աշխարհում. մարդիկ հուզված են, շոկի մեջ։

Նարինե Ստեփանյանը վստահեցրեց, որ օպերային թատրոնը մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ղեկավարման ժամանակաշրջանում ծաղկում է ապրել, թեեւ Նազենի Ղարիբյանը որեւէ պրեմիերայի ներկա չի եղել, պատճառաբանելով, որ երկրում չէ, զբաղված է, ինչին Նարինե Ստեփանյանը հակված չէր հավատալու։

«Ով էլ որ գա, Կոնստանտին Օրբելյանի թափը չի ունենա»,– ասաց Ստեփանյանը, հավելելով, որ երկու պաշտոնի (գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն - խմբ) համատեղությունը գալիս է խորհրդային շրջանից. «Օրենքը պետք է փոխել, ոչ թե Կոնստանտին Օրբելյանին ազատել աշխատանքից մեկ տարի հետո օրենքը փոխել»:

Նշենք, որ այսօր, մարտի 30–ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում անձնակազմը մամուլի ասուլիս է կազմակերպել, թեման արդեն նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի պաշտոնանկության դեմ բողոքն է։

Անձնակազմը դեմ է մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանին, ըստ որի, Կ. Օրբելյանը ազատվում է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։