Մշակույթի նախկին նախարար, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցնում է, որ իր զանգը Կոնստանտին Օրբելյանին որևէ կերպ միջամտելու նպատակ չի ունեցել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը։
Մակունցը պատմեց, թե ինչու է զանգահարել Օրբելյանին և ինչ է խոսել նրա հետ։
«Ամսի 28-ին իմ և պարոն Օրբելյանի ընդհանուր արվեստագետ ընկերներից մեկն ինձ տեղեկացնում է, որ Օրբելյանը լավ չի զգում և առաջարկում է, որպեսզի ես զանգահարեմ, առանց որևէ կոնտեքստի։ Ես զանգահարում եմ, հետաքրքրվում եմ, թե ինչպես է, նա ասում է, թե ինչ է տեղի ունեցել, տեղեկացնում է նաև, որ հաջորդ օրը տեղի է ունենալու մամուլի ասուլիս, որևէ մեկնաբանություն չեմ արել դրան, ասել եմ, որ տեղյակ չեմ եղել, նաև տեղեկացրել եմ, որ միջամտություն ցուցաբերել չեմ կարող»,– ասաց նա։
Հարցին՝ արդյոք Մակունցը տեղյակ էր, որ օրենքի խախտումով է Օրբելյանը նշանակվել, և որքանով են ճշմարտությանը համապատասխանում տեղեկությւոնները, որ օրբելյանին հեռացնելու որոշումը կայացվել է դեռ իր՝ նախարար եղած ժամանակ, Մակունցը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ էթիկապես ճիշտ չէ դրա մասին խոսելը։
Նշենք, որ Կոնստանտին Օրբելյանը ազատվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը սա պատճառաբանել է նրանով, որ Օրբելյանը չի կարող միաժամանակ և տնօրեն լինել, և գեղարվեստական ղեկավար, և որ նա ժամանակին օրենքի խախտմամբ է նշանակվել տնօրեն։ Այս որոշումը դժգոհություն է առաջացրել Օպերային թատրոնի աշխատակիցների շրջանում, որոնք ապրիլի 1–ին բողոքի ակցիա են անցկացրել կառավարության մոտ, ապա իրենց խնդիրը քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։











