Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հումանիտար համագործակցությունն առայժմ իրատեսական չէ: Այս մասին ապրիլի 1-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ հումանիտար ոլորտում համագործակցությունը հնարավոր էր 10 տարի առաջ, երբ իրականացվում էին տարբեր փորձագետների եւ իրավապաշտպանների փոխադարձ այցելություններ:
«Սակայն Ադրբեջան վերադառնալով՝ նրանք ենթարկիվում էին հետապնդումների հասարակության մեջ իշխող ոչ տոլերանտության եւ հայատյացության պատճառով, ինչը հանգեցրեց այս շփումների խափանմանը»,- պարզաբանեց պատգամավորը:
Քաղաքական գործիչը կարծում է, որ նման պայմաններում անհնար է խոսել հակամարտության կարգավորման մասին, իսկ խաղաղության հնարավոր է հասնել միայն այն ժամանակ, երբ նվազագույն 10 տարվա ընթացքում շփման գծում չլինեն կրակոցներ ու զոհեր:
«Իմ կարծիքով՝ այդ ժամանակ երկու երկրների հասարակությունները ավելի պատրաստ կլինեն երկխոսությանը եւ խաղաղության հաստատմանը: Իսկ այն պայմաններում, երբ նրանք մեր զինվորին գլխատում են եւ այն ցուցադրում իրենց գյուղերում, խաղաղության եւ հումանիտար համագործակցության մասին խոսելը իրատեսական չէ»,- վստահ է Մարուքյանը:











