Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը չի մեկնաբանում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտնի հայտարարությունը։ 

Այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արտակ Դավթյանը լրագրողներին հորդորեց այդ հարցն ուղղել նախարարին։

«Դուք ուզում եք՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մեկնաբանի պաշտպանության նախարարի ասածնե՞րը։ Պաշտպանության նախարարի հայտարարությունը ես չեմ մեկնաբանում։ Զինված ուժերը պատրաստ է ցանկացած ժամանակ իր առջեւ դրված խնդիրները կատարել»,- ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր հետեւյալը. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց»  ձեւաչափը ես վերաձեւակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց: Ոչ մի բան չի զիջվելու: Հնարավոր են կոմպրոմիսներ»: Նա նաեւ հավելել էր, որ Հայաստանը ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները. «Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»: