Ապրիլյան պատերազմը մեծ դաս էր մեր պետության, հայ ժողովրդի համար. կապ չունի մարդը Հայաստանում է ապրում, թե դրանից դուրս: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ Արցախի խնդիրը վերաբերում է բոլոր հայերին, միայն Հայաստանով ու Արցախով չի սահմանափակվում:
Անդրադառնալով Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Հարությունյանի հայտարարությանը, թե «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը ինքը վերաձեւակերպել է «նոր պատերազմ նոր տարածքների դիմաց» սկզբունքով, Մարուքյանն արձագանքեց. «Մենք լսել ենք բազմաթիվ լոզունգներ, հայտարարություններ, բայց երբ պահը եկավ շատ միֆեր քանդվեցին այդ օրը: Պետք է ամենօրյա ռեժիմով աշխատել, հզորացնել բանակը, տնտեսությունը, որ բանակի թիկունքն է, եւ միշտ պատրաստ լինել նոր պատերազմի, որը կբերի խաղաղություն: Եթե պատրաստ ենք պատերազմի, դա խաղաղության լավագույն գրավականն է»:
Նրա խոսքով, ամեն ինչ պետք է անել, որ բանակցություններն ընթանան, բանակցեն, որովհետեւ խնդիրը ռազմական լուծում չունի. «Բայց եթե մեզ վրա հարձակվեն, մենք ոչ թե պետք է մտածենք, որ հողեր պետք է կորցնենք: Մենք պետք է տրամադրված եղանք, որ եթե նոր պատերազմ եղավ, նոր տարածքներ ազատագրենք: Սրա մասին է եղել պաշտպանության նախարարի հայտարարությունը: Ոչ թե զիջումներ անենք, որ խաղաղություն ունենանք, այլ հակառակորդ կողմը պետք է մտածի, որ եթե գնա պատերազմի, նման արկածախնդրության, ապա կկորցնի նոր տարածքներ»:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներ Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը եւ ԼՀԿ այլ անդամներ այցելել են Եռաբլուր՝ հարգելու Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ու ազատամարտիկների հիշատակը։











