Ես այդ կարծիքին չեմ, որ ապրիլյան պատերազմը Ադրբեջանի ԵՏՄ մտնելու մասին է եղել. մենք այսօր նման փաստ չունենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ ապրիլյան պատերազմից հետո նման հայտարարություն էր արել Նիկոլ Փաշինյանը:

Մարուքյանը նկատեց, որ երբ այդ հայտարարությունն արվել է, Նիկոլ Փաշինյանը եղել է ՀԱԿ-ի պատգամավոր:

«Ադրբեջանը չի դարձել ԵՏՄ անդամ եւ դառնալու նպատակ էլ չունի: Ադրբեջանն ավելի շահեկան վիճակում է՝ չլինելով նման կառույցի անդամ, քան մենք ենք: Հետեւաբար այդ թեզը չի ապացուցվել»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Հարցին, թե ինչը թույլ տվեց, որ Ադրբեջանը գան նման սադրանքի, Մարուքյանն արձագանքեց. «Հազարումի պատճառ կա, չեմ կարող մի պատճառ ասել: Բայց ոչ թե պետք է մտածենք, թե ինչ մտածեց հակառակորդը, այլ մենք ուժեղ լինենք: Ամեն պահի հակառակորդը կարող է նման քայլերի դիմել, մենք պետք է պատրաստ լինենք»:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներ Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը եւ ԼՀԿ այլ անդամներ այցելել են Եռաբլուր՝ հարգելու Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ու ազատամարտիկների հիշատակը։