Արցախի սուբյեկտացումը մեզ կտանի դեպի փակուղի եւ հնարավորություն կստեղծի, որ Ռուսաստանը շահարկի այդ հանգամանքը: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմանը, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ:
Նրա խոսքով, հայկական կողմը, որքան հետեւել են լրահոսին, բանակցություն չի համարում Ալիեւի հետ հանդիպումները, այլ շեշտում է, որ, ըստ էության, բանակցություն տեղի չի ունեցել, այլ ընդամենը հնարավոր բանակցությանը մոտենալու քայլերն են շոշափվել։
Վարուժան Ավետիսյանն ընդգծեց, որ Արցախի սուբյեկտացումը վնասում է Առաջին Հանրապետության, նրա ժառանգորդության եւ ամբողջականությունը վերականգնելու համատեքստում հարցը լուծելու հանգամանքին։
«Առհասարակ մենք պետք է նկատի ունենանք, որ քաղաքակիրթ աշխարհը մեզ կճանաչի եւ մեր հարցի լուծումը կընդունի միայն այդ ժամանակ, որովհետեւ Առաջին Հանրապետությունը ունեցել է ճանաչված տարածք, որը թրքաբոլշեւիկյան ագրեսիայով զավթվել, մասնատվել է եւ նաեւ մեզ ինքնիշխանությունից զրկել են։ Պետք է 100 տարի հետ գնալ եւ այդ 100 տարվա ընդհանուր սպեկտորի մեջ նայել խնդրին եւ խնդրի լուծմանը»,–ասաց Ավետիսյանը։
Նրա խոսքով Արցախի սուբյեկտացումը կտանի դեպի փակուղի եւ հնարավորություն կստեղծի, որ Ռուսաստանը շահարկի այդ հանգամանքը. «Սա հնարավորություն կստեղծի, որ Ռուսաստանը շահարկի այդ հանգամանքը եւ Արեւմուտքին հեռացնելով գործընթացից միանձնյա փորձի այստեղ ապակայունացնել իրավիճակը եւ ի օգուտ իրեն, ի վնաս մեզ, լուծել հարցը։ Վնասը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ»,-ասաց Ավետիսյանը:
Նրա խոսքով, եթե ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ ապրիլյան պատերազմը Ադրբեջանին ԵՏՄ եւ ՀԱՊԿ մտցնելու նպատակով է արվել, պետք է հետեւություններ անել եւ հրաժարվել հին հայեցակարգերից, դիվանագիտությունից եւ արտաքին հարաբերությունների քաղաքականությունից։
«Արցախը սուբյեկտ չէ, Արցախը Հայաստանի մի մասն է, Հայաստանի մարզ է եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ռազմավարություն պետք է մշակվի, հրամցվի քաղաքակիրթ աշխարհին եւ ըստ այդմ Մինսկի խմբի ձեւաչափում մեխանիզմներ մտածվի, ներկայացվի ու իրականացվի։ Հակառակ պարագայում մենք 2–րդի, ածանցյալի դերով ենք խաղում»,–ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ ապագայի համար պետք է ուրիշ ռազմավարություն ընտրել։











