«Ելք» դաշինքի անդամների եւ Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց գործով վկա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ գործով տուժող Հայկ Սարգսյանը 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ «Ելք»–ի նախընտրական շտաբի պետն է եղել:

Վարչապետը նշեց, որ տուժողի հետ ընկերական հարաբերություններ է ունեցել միջադեպից առաջ եւ հետո։

Փաշինյանն ասաց, որ ամբաստանյալ Արթուր Այվազյանին առաջին անգամ է հանդիպում, թեեւ պատգամավոր եղած ժամանակ նրանից նամակներ է ստացել: Այնուհետեւ վարչապետը պատմեց դեպքի վերաբերյալ իրեն հայտնի մանրամասները։

«2017-ի մարտի 31-ին նախընտրական քարոզարշավի վերջին օրը ես տանն էի, երեւի երեկոյան ժամը 10-ի կողմերն էր: Կարծեմ ինձ զանգեց Ալեն Սիմոնյանն ու ասաց, որ մեր տղաների վրա հարձակում է տեղի ունեցել: Ինձ զանգեցին, ես էլ ասացի, որ անմիջապես այդ տարածքից հեռացեք ու եկեք նախընտրական շտաբ: Ես մտածում էի, որ գուեց ավելի մեծ մի բան է եւ ցանկացա, որ մեր տղաներն էնդտեղից դուրս գան; Անմիջապես դուրս եկա տնից ու գնացի նախընտրական շտաբ: Ինձ պատմեցին, որ երբ իրենք շենքից իջել են… ես շարժական շտաբ ունեի «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուսի, երբ մոտեցա, տեսա, որ իմ նկարով ֆոնի վրա խոսակցություն է տեղի ունեցել: Մեր տղաները հետ են պահանջել դրոշը, խոսակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում դրոշը տանող քաղաքացիները կամ քաղաքացին, հարվածել է Հայկ Սարգսյանին: Բնականաբար, մեր ժողովուրդը միջամտել է, որ թույլ չտան հետագա հարվածներ տեղի ունենան: Այդ պրոցեսի ընթացքում այդ անձը հանել է զենքը, պահել է Հայկի վրա, եւ հենց այդ պահին ներկաներից մեկը արագ արձագանքելն է, խփել է ձեռքին, ընկել է: Իրենք զենքը վերցրել են, ու դեպքի վայրից հեռացել: Հետագայում, երբ ես իմացել եմ, որ զենքը նաեւ իրենց մոտ է, ինձ ցույց են տվել, ես զենքը վերցրել եմ, իհարկե, առանց զենքին դիպչելու, անմիջապես ուղիղ եթեր եմ մտել եւ պատմել տեղի ունեցածի մասին: Նաեւ ահազանգել եմ ոստիկանություն, պատմել ենք, թե ինչ է տեղի ունեցել, եւ ասել, որ մեր շտաբի մոտ սպասում ենք, որ գան արձանագրեն: Հայկ Սարգսյանը հրաժարվեց, որ իրեն ուղիղ եթերում ցույց տանք, որովհետեւ իր վրա ակնհայտ վնասվածքներ կային, նաեւ զենքի մեջ մարտական փամփուշտներ կային: Հետագայում ես չեմ հիշում՝ ինչպես եմ զենքը հանձնել ոստիկանությունը»,–պատմեց նա՝ հավելելով, որ ինքն է գնացել ոստիկանության բաժին ու հանձնել զենքը:

Ըստ վարչապետի՝ հարձակումը տեղի է ունեցել Հարավարեւմտյան թաղամասում՝ Զորավար Անդրանիկի արձանից աջ ընկած թաղամասում։

Ամբաստանյալ Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանի հարցին, թե ո՞րն է եղել միջադեպի պատճառը, Փաշինյանն ասաց, որ իրեն պատմել են, որ եղել է մի դրվագ, որ ասել են՝ ի՞նչ իրավունք ունեք դրոշն օգտագործել:

«Ասել են, որ անձը, որ այդ թեմայով ակտիվ խոսել է, ասել է, որ այդ դրոշը տարել, դրել է իր ընկերոջ գերեզմանի վրա: Ինձ ասացին, որ այդ ակտիվ անձի մասին խոսելիս օգտագործվել է «Մանախ» անունը»,–ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ դեպքը 2 տարի առաջ է տեղի ունեցել եւ ինքը դեպքի կապակցությամբ մանրամասն նախաքննական ցուցմունք է տվել։

Հարցին, թե ինչպե՞ս է տեսել, որ զենքի մեջ մարտական փամփուշտներ են եղել, Փաշինյանը պատասխանեց.

«Թմբուկավոր ատրճանակ է եղել, ես ուղիղ եթերում ցույց եմ տվել եւ եթե փողի կողմից նայում ենք, թմբուկի անցքերի մեջ երեւում է, որ գնդակավոր փամփուշտ է: Ոչ մարտական փամփուշտը այլ կերպ է լինում»։

Այնուհետեւ պաշտպանը հետաքրքրվեց, թե Փաշինյանն ի՞նչ հարաբերություն է ունեցել նախաքննությունն իրականացրած քննիչ Սուրեն Նավոյանի հետ։

Վարչապետը հայտնեց, որ քննիչ Նավոյանի հետ գործի շրջանակներում այլ հարաբերություն չի ունեցել, սակայն 2018-ի իրադարձությունների ժամանակ Նավոյանն աջակցություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող թավշյա հեղափոխությանը:

«Մինչեւ նախաքննությունը շփում չեմ ունեցել, նախաքննությունից հետո հնարավոր է զանգ եղած լինի, եւ հաջորդ շփումը եղել է Հանրապետության հրապարակում»,–ասաց նա։

Ալումյանի դիտարկմանը, թե դա կարող է կասկածի տակ դնել քննիչի անաչառությունը, վարչապետն արձագանքեց.

«Հանրապետության հրապարակում եղել են տասնյակ քննիչներ, ոստիկաններ, չեմ բացառում, որ եղել են նաեւ դատավորներ, պաշտպաններ, ամբաստանյալներ եւ այլն: Հիմա դա ներկայացնել որպես մեր քաղաքական ուժի հետ ընկալվող իրադարձություն, ճիշտ ընկալում չէ: Ես չեմ հիշում, Նավոյանն ինչ ասաց, կարծես ասաց՝ դիմում եմ գրել, աշխատանքից դուրս եմ եկել»։

Փաստաբանը նաեւ հետաքրքրվեց, թե արդյոք Փաշինյանը հեռախոսազրույց ունեցե՞լ է քննիչի հետ, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց.

«Եթե չեմ սխալվում հեռախոսային խոսակցությունը եղել է նախաքննության ավարտին: Եթ չեմ սխալվում, խոսքը եղել է այն մասին, որ ես հետաքրքրվել եմ, թե ճիշտ է արդյոք, որ գործի նախաքննությունն ավարտվել է: Կարող եմ վստահ լինել, որ խոսակցությունը կապված էր գործի ընթացակարգի հետ: Ենթադրում եմ, որ խոսելու նախաձեռնությունն իմն էր»։

Ալումյանը նաեւ հետաքրքրվեց, թե արդյոք Փաշինյանը տեղյակ է, որ դեպքից հետո Արթուր Այվազյանի շորերն առգրավվել են, որեւէ բան չի արձանագրվել, որ կա, բայց երբ դրանք հայտնվել են փորձագետի մոտ, պարզվել է, որ բազմաթիվ փամփուշներ են առկա շորերի մեջ:

«Ես վստահ չեմ, որ տեղյակ եմ այդ մանրամասներից»,–ասաց վարչապետը։

Աբաստանյալ Արթուր Այվազյանը հայտարարեց, որ հարցեր էր պատրաստել Փաշինյանի համար,  սակայն օրեր առաջ  ինչ–որ մարդկանց կողմից փորձ է արվել իրեն ներքաշել քաղաքական խաղերի մեջ, իսկ ինքը թույլ չի տա, որ իրեն վերաբերող հարցերը որեւէ մեկն օգտագործի: Այդ հիմնավորմամբ Մանախը հայտարարեց, որ ձեռնպահ է մնում հարցեր տալուց: