«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 3–ին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ 1996թ. նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու եւ իր նկատմամբ առանձնապես դաժան բռնություն կիրառելու և խոշտանգելու փաստերով քրեական գործ հարուցելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու խնդրանքով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4–ին, լրագրողներին ասաց Արամ Հարությունյանը։

Վեց էջանոց հաղորդման մեջ Արամ Հարությունյանն անուններ է նշել նաև ընտրությունների կեղծման մասով։ «Կոնկրետ փաստերը կան, անունները գրված են, ովքեր են կեղծել։ Օրինակ՝ Գագիկ Մելքոնյան, եթե չեմ սխալվում, որը հազարավոր անձնագրերով, ուրիշի անձնագրերով քվեարկություն է արել»,–ասաց Հարությունյանը։ Նրա խոսքով, երբ իրենց վստահված անձը նկատել եւ հայտնել է իրենց, նա անձնագրերը վերցրել է՝ փորձելով կանխել կեղծման գործընթացը։ Նրան մոտեցել եւ տարբերակներ են առաջարկել, որ եթե չհամաձայնվի  կտեղափոխեն ոստիկանություն։

«Գագիկը, որն այդ ժամանակ զինկոմն էր եւ ընդհանրապես իրավունք չուներ ընտրական գործընթացին մասնակցելու, ասել է՝ կա՛մ տալիս ես, կա՛մ դեբոշ ենք սարքում ու տանում ենք ոստիկանություն, կամ էլ, եթե համաձայն ես 1000 հատ քցում ենք Լեւոն Տեր–Պետրոսյանին, 1000 հատ Վազգեն Մանուկյանի համար։ Ես բնականաբար դեմ եմ եղել»,–ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ երկրում մի քանի անգամ սահմանադրական կարգը տապալվել է։

«Հետաքրքիր է, որ 2 անգամ Լեւոնն է սահմանադրական կարգ տապալել՝ 1 անգամ, որպես իշխանության ներկայացուցիչ, 1 անգամ՝ որպես ընդդիմություն։ 2 անգամ էլ Նիկոլ Փաշինյանը՝ 1 անգամ ընդդիմադիր, 1 անգամ արդեն, որպես վարչապետ»,– ասաց նա։

Արամ Հարությունյանի խոսքով, եթե այս գործի հետ կապված գոնե մեկ բացահայտում լինի, շղթան գնալով կբացվի։