ԵԽԽՎ-ում իր ելույթի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին ու հիշատակեց նաև ԵԽԽՎ և այլ միջազգային կառույցների դերն այդ ընտրությունների դիտորդական առաքելությունում։
«Այդ ընտրություններում մեր քաղաքական ուժն ստացավ ավելի քան 70 տոկոս ձայն, բայց կարեւորը ոչ թե սա է, այլ այն, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը տեղի ունեցած ընտրությունները որակեց որպես ժողովրդավարական:
Մեջբերում եմ ԵԽԽՎ դիտորդական առաքելության գնահատականից` «Թավշա հեղափոխության, ինչպես նաեւ իշխանությունների քաղաքական կամքի դրսեւորման շնորհիվ հնարավոր եղավ Հայաստանում անցկացնել ժողովրդավարական ընտրություններ» (մեջբերման ավարտ):
Միջազգային մյուս դիտորդական առաքելությունները նույնպես դեկտեմբերին տեղի ունեցած ընտրությունները ճանաչեցին որպես ազատ, արդար, ժողովրդավարական եւ մրցակցային: Հայաստանում տեղի ունեցած որեւէ ընտրություն նախկինում նման գնահատականի երբեւէ չէր արժանացել:
Սա մեր երկրում տեղի ունեցած առաջին խորհրդարանական ընտրություններն էին, որոնց պաշտոնական արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում, եւ առաջին խորհրդարանական ընտրություններն էին, որոնց արդյունքներն անառարկելիորեն ընդունեցին բոլոր քաղաքական ուժերը եւ հանրությունը:
Եվ հիմա` որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, ուզում եմ այս ամբիոնից շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացմանը ցուցաբերած աջակցության համար:
Հայաստանում այսօր ժողովրդավարությունը հաղթել է, եւ դա տեղի է ունեցել նախորդ տարվա այս օրերին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության շնորհիվ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ հեղափոխությունը ծնվել է հայ ժողովրդի հոգում եւ սրտում, եւ չի եղել ոչ մի, բացարձակապես ոչ մի օտարերկրյա ուժ, որ որեւէ կերպ ներգրավված լինի մեր հեղափոխության մեջ: Մեր հեղափոխությունը չի ունեցել ոչ մի աշխարհաքաղաքական բովանդակություն, ոչ մի աշխարհաքաղաքական ենթատեքստ»,-ասաց Փաշինյանը:











