Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոն եւ Վլադիմիր Զելենսկին ծնկի են եկել բանավեճի ընթացքում «Օլիմպիյսկի» մարզահամալիրում: Նախաձեռնողը Զելենսկին էր, որն այդ ժամանակ պատասխանում էր Պորոշենկոյի այն հարցին, թե ինչպես էր նախկինում ծնկի գալիս Պուտինի առջեւ, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

«Ծնկի գալու մասին: Ես ասել եմ, որ պատրաստ եմ ծնկի գալ, միայն մի ստիպեք Ուկրաինային ծնկի իջնել: Ես այժմ էլ պատրաստ եմ ծնկի գալ յուրաքանչյուր մոր առջեւ, որի որդին չի վերադարձել, յուրաքանչյուր երեխայի առջեւ, որը կորցրել է հորը: Ձեզ եւս հրավիրում եմ, Պյոտր Ալեքսեեւիչ»,-ասել է Զելենսկին, այնուհետեւ ծնկի իջել հանրության առջեւ: Այդ պահին Պորոշենկոն մեկ ծունկը եւս խոնարհել է, սակայն մեջքով դեպի ամբոխը եւ դեմքով դեպի Ուկրաինայի դրոշը:

Զելենսկին հայտարարել է, որ 2014 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկել է Պյոտր Պորոշենկոյի օգտին: «Կարո՞ղ էի ես երբեւէ պատկերացնել, որ, լինելով հասարակ տղամարդ Կրիվոյ Ռոգից, կպայքարեմ Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար մի մարդու դեմ, որին մենք վստահաբար եւ անվերապահորեն ընտրել ենք որպես Ուկրաինայի նախագահ 2014 թվականին: Եւ ամենահետաքրքիրն այն է, որ ես ինքս պարոն Պորոշենկոյի կողմնակիցն էի, դա ճիշտ է: Սակայն ես սխալվել էի»:

Պորոշենկոն անվանել է իր ընդդիմադիր Վլադիմիր Զելենսկուն «պարկ»: «Դուք պարկի մեջ կատու չեք, Դուք պարկ եք, իսկ ձեր պարկում այսօր սատանաներն ու կատուներն են»,-ասել է նա: Զելենսկին այդ խոսքերն առանց ուշադրության չի թողել եւ արձագանքել է. «Պարկի մեջ կատվի մասին: Լավ է լինել պարկի մեջ կատու, քան ոչխարի հանդերձանքով գայլ»,-հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Այսօր՝ ապրիլի 19-ին՝ նախընտրական քարոզարշավի վերջին օրը, նախագահի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոն եւ Վլադիմիր Զելենսկին անցկացրել են բանավեճ: Ակնկալվում է, որ կկայանա եւս երկու փուլ, որոնցից առաջինը՝ «Օլիմպիյսկի» մարզադաշտում, երկրորդը՝ «Սուսպիլնիի» ստուդիայում: