Սանասարյանի հասցեին հնչող մեղադրանքներն ի ցույց են դնում Հայաստանի իշխանական ուղղահայացում պառակտման առկայության մասին։ Այս մասին ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այդ պատմությունն, ըստ էության, երկու ճամբարի է բաժանել իշխանությունը, ինչը վկայում է խորքային գործընթացների մասին։ «Մի ինչ-որ պառակտման հավանականություն կանխատեսվում էր սկզբից, հաշվի առնելով այն, թե, օրինակ, ինչ տարբեր արտաքին քաղաքական հայացքներ ունեն «սորոսյան» թեւը, որը բացառապես արեւմտյան վեկտորի կողմնակիցն է, եւ Փաշինյանի թեւը, որը ավելի չափավոր է ու պատրաստ է համագործակցել ԵՏՄ եւ ՀԱՊԿ երկրների հետ։ Բացի այդ, խնդիրներ կային նաեւ կադրային քաղաքականության տեսակետից։ Մի մասն ասում էր այն մասին, որ պետք է լրիվ ազատվել նախկին իշխանությունների ներկայացուցիչներից պետական համակարգում, մյուսը կողմնակից էր, որպեսզի կտրուկ փոփոխություններ չլինեն»,- ասել է նա։

Փորձագետը համոզված է, որ հեղափոխության շրջանում ձեւավորված քաղաքական ուժը միատարր չի կարողացել լինել։ «Կասկած է հարուցում նաեւ այն, որ իշխանության ներսում գործում են դեմոկրատական սկզբունքներ։ Երբ մեկ ուժի ներկայացուցիչները միմյանց հետ խոսում են մեդիայի միջոցով, դա արդեն ֆրակցիոնություն եւ դեմոկրատիա չէ, այլ մրցակցություն»,- ընդգծել է նա։

Կարեն Քոչարյանը հավելել է, որ  ներկա իշխանությունների շատ ներկայացուցիչներ դեռ չեն կարողացել դուրս գալ քաղաքացիական, հասարակական գործչի կերպարից եւ դառնալ քաղաքական, ինչը բացասական դեր է խաղում նրանց համար, այդ թվում անդրադառնում է վարկանիշի վրա։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ քաղաքական ուժեր կարող են էլ ավելի մեծ ակտիվություն ցուցաբերել  առաջիկայում, փորձագետը նշել է, որ այդպիսին կարող է լինել «Լուսավոր Հայաստանը»։ Իսկ ինչ վերաբերում է ոչխորհրդարանական ուժերին, ապա դա ՀՅԴ-ն է, քանի որ այդ կուսակցությունը միշտ ունեցել է իր ընտրազանգվածն ու հարկավոր է եղել ցանկացած իշխանության, մասնավորապես՝ սփյուռքի հետ փոխգործակցության, ինչպես նաեւ ղարաբաղյան հարցում։ «Ռոբերտ Քոչարյանը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չեն կարողանա վերադառնալ առաջիկայում, իսկ եթե վերադառնան երբեւէ, ապա այն քաղաքական կշիռը չեն ունենա, որը կարող է հնարավորություն տալ ակնկալելու ինչ-որ մեծ բան։ Մյուս քաղաքական ուժերը պետք է ակտիվ լինեն, եթե ցանկանում են օգտվել հնարավորությունից։ Արթուր Ղազինյանի նույն «Մեկ Հայաստանը», «Ազգային օրակարգ» կուսակցությունը եւ մյուսները կարող են հնարավորություն ստանալ, եթե որոշակի աշխատանք տանեն»,- համոզված է քաղտեխնոլոգը։

Կարեն Քոչարյանն ավելացրել է, որ այդ քաղաքական ուժերի համար օրինակ կարող է ծառայել Նիկոլ Փաշինյանի հաջողությունը, որին սկզբում ոչ ոք չէր հավատում։