Նորվեգիայից ծովային հետազոտողները վստահ են, որ իրենք հանդիպել են սպիտակ կետի, որը մարզվել է ռուսական ռազմածովային նավատորմում՝ ծովային կաթնասուններին որպես հատուկջոկատայիններ օգտագործելու ծրագրի շրջանակներում՝ հայտնում է The Guardian-ը։
Նորվեգական Ինգյո գյուղի մոտ ձկնորսությամբ զբաղվողները անցյալ շաբաթ հայտնել են, որ իրենց նավակին սկսել է հետապնդել մի սպիտակ կետ, որը մարմնի վրա անվտանգության տարօրինակ գոտի է ունեցել։
Ակտիվորեն նավը փնտրող եւ նավակի պարանները քաշել փորձող սպիտակ կետի տարօրինակ վարքը, ինչպես նաեւ նրա մարմնի վրա անսովոր սարքի առկայությունը, որը կարող էր տեսախցիկի կամ զենքի մաս լինել, կասկած են առաջացրել Նորվեգիայի ծովայինների մեջ, որոնց կարծիքով կետը Ռուսաստանում հատուկ զինվորական պատրաստվածություն է անցել։ Կետի վրայից հանած գոտու ներսի մասում գրված է եղել «Սանկտ Պետերբուրգի սարքավորում»։
Ձկնորսներն ասել են, որ կետը ձեռնածու էր եւ կարծես թե սովոր էր մարդկանց։
«Եթե այդ կետը Ռուսաստանից է, իսկ դրան հավատալու պատճառներ կան, ապա, ամենայն հավանականությամբ, դա արել են ոչ թե ռուս գիտնականները, այլ ռազմածովային նավատորմը»,- հայտարարել է Նորվեգիայի ծովային հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Մարտին Բյուն։











