Թաիլանդում մայիսի 4-ին սկսվեց թագավոր Մահա Վաջիրալոնգկոռն Բոդինդրադեբայավարանգկունի թագադրության եռօրյա արարողությունը, որը կդառնա Չաքրի հարստության 10-րդ թագավորը, տեղեկացնում է BBC News-ը։
Վաջիրալոնգկոռն թագավորը գահը ժառանգել է 2016 թվականին հոր՝ Պումիպոն Ադուլյադետի մահից հետո։
Մի քանի օր առաջ թագավորը շրջապատին զարմացրեց՝ հայտարարելով իր վաղեմի գործընկեր եւ թիկնապահների ստորաբաժանման փոխհրամանատար Սութիդա Թիջաիի հետ ամուսնանալու մասին, որն ստացել է Սութիդա թագուհու տիտղոս։
Թաիլանդում սահմանադրական միապետություն է, սակայն թաիլանդցիները խոր հարգանք ունեն միապետական ընտանիքի հանդեպ, որն զգալի իշխանություն ունի։
Երկրում գործում են նաեւ խիստ օրենքներ, որոնք արգելում են միապետի քննադատությունը։ Այդ օրենքները թագավորական ընտանիքը պաշտպանում են հրապարակային քննարկումներից։
Ինչպես նշում է BBC News-ը, թագադրումը համընկել է երկրում քաղաքական անորոշության շրջանին։
2014-ի հեղաշրջումից եւ բանակի իշխանության գալուց հետո այս տարի մարտի 24-ին տեղի ունեցան համընդհանուր ընտրություններ, բայց նոր կառավարություն դեռ նշանակված չէ։
Այնուամենայնիվ, շատ թաիլանդցիներ հուզմունքով պատրաստվում են հետեւել այս պատմական իրադարձությանը՝ 70 տարվա մեջ առաջին թագադրությանը։
Ցանցում հայտնվել են հազվադեպ տեսանյութեր ներկայիս թագավորի հոր թագադրությունից 1926 թվականին, ինչպես նաեւ ներկա արարողության նախապատրաստական աշխատանքներից։
Ինչ է հայտնի Թաիլանդի նոր թագավորի մասին
Մահա Վաջիրալոնգկոռնը ծնվել է 1952 թվականի հուլիսի 28-ին Բանգկոկի Մեծ պալատի Ամբարա ամառանոցում։ Նա թագավոր Պումիպոն Ադուլյադետի եւ թագուհի Սիրիքիթի միակ որդին է։
1972-ին Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետ Ռամա IX-ը Մահա Վաջիրալոնգկոռնին նշանակում է իր ժառանգորդ։ Թագաժառանգն այդ ժամանակ 20 տարեկան էր։
1972 թվականի դեկտեմբերի 28-ին, ժամը 12.23-ին վեհաշուք Անանդա Սամաքհոնում թագաժառանգը հայտարարվում է գահի ժառանգորդ։ Թագավորական ընտանիքի, Թաիլանդի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների եւ դիվանագետների ներկայությամբ թագաժառանգի համար կատարվում է ամենահազվադեպ, գեղեցիկ ու հանդիսավոր թագավորական արարողություններից մեկը, որը տեղի է ունեցել Թաիլանդի պատմության մեջ երրորդ անգամ։
1975-ից նա ծառայում է Թաիլանդի Թագավորական բանակում որպես շտաբի սպա Ռազմական հետախուզության վարչությունում։
1978-ին Մահա Վաջիրալոնգկոռնը գլխավորում է Նորին մեծության թիկնապահների գումարտակը։
Թագավոր Մահա Վաջիրալոնգկոռնը Թաիլանդի Թագավորական բանակի սպա է, Թագավորական ՌԾՈւ ծովակալ եւ ՌՕՈւ ավիացիայի գլխավոր մարշալ։
Թագավոր Վաջիրալոնգկոռնըաշխարհում ամենահարուստ միապետն է։ Համաձայն Business News Business Newsr-ի՝ անցած տարի նա ձեռք է բերել Crown Property Bureau-ը ամբողջությամբ, որն առնվազն 30 մլրդ դոլար արժե։











