Թաիլանդում ընթանում է թագավոր Մահա Վաջիրալոնգկորնի թագադրման արարողության երկրորդ օրը. թագադրման ժամանակ թագավորը ստացել է Ռամա Х անունը, հաղորդում է Associated Press-ը:
Նախօրեին կայացել է թագադրման պաշտոնական արարողությունը, որը բաղկացած էր մի շարք ծիսակարգերից, որոնց արդյունքում միապետը գլխին դրել է ավելի քան 7 կգ կշռող Հաղթանակի թագը:
Նշվում է, որ թագադրման արարողության երկրորդ օրը տեղի է ունենալու թագավորական ընտանիքին նոր տիտղոսներ շնորհելու միջոցառումը: Այսպես, օրինակ, թագավորի մայրը կստանա մայր-թագուհու տիտղոսը:
Թագադրման երկրորդ օրը կավարտվի 7-կիլոմետրանոց թագավորական երթով, որին կմասնակցի 343 մարդ. թագավորի մասնակցությամբ երթը կանցնի հին Բանգկոկի տարածքով, ինչը թույլ կտա թաիլանդցիներին հարգանքի տուրք մատուցել նոր թագավորին: Երեկոյան նախատեսված է լուսային եւ ձայնային շոու, ինչպես նաեւ անօդաչու սարքերի ցուցադրություն: Հանդիսատեսներին կտրամադրեն անվճար սնունդ եւ հասարակական տրանսպորտ:
Հիշեցնենք, որ Վաջիրալոնգկորն թագավորը ժառանգել է գահը 2016 թվականին՝ իր հոր մահից հետո:











