Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պարկը համալրվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության տրամադրած 14 հրշեջ ավտոմեքենայով, 3 ավտոսանդուղքով և 1 կարգավար մեքենայով, որոնք  կբաշխվեն Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզային հրշեջ փրկարարական ստորաբաժանումներին:

Մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 6-ին ԱԻՆ շարահրապարակում: Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:

«Այս անգամ JICA-ն Հայաստանին տրամադրում է օգնություն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային հրշեջ փրկարարական ստորաբաժանումներին աջակցելու, դրանք արդիականացնելու համար: Համաձայն այդ ծրագրի` Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին տրամադրում է 36 միավոր հրշեջ մեքենա, 3 միավոր սանդուղքավոր մեքենա,  շարժական արհեստանոցներ և պահեստամասեր, որոնք համալրելու են վերոնշյալ մարզերի տեխնիկական  բազան: Ծրագրի արժեքը կազմում է 14, 5  մլն դոլար»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա իր երախտագիտությունը հայտնեց Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին տրամադրվող օգնության համար, տարիներ շարունակ ցուցաբերվող ֆինանսական և տեխնիկական օժանդակության համար:

Վարչապետը շեշտեց, որ Ճապոնիայի աջակցությունը մշտապես օգնել է Հայաստանի զարգացման ծրագրերի իրականացման, տնտեսության և ենթակառուցվածքների արդիականացման հարցում:

«Մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող  փոխադարձ հարգանքն ու համակրանքը լավ հիմք են մեր երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու և կատարելագործելու համար»,-ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան ասաց, որ  իր համար մեծ պատիվ է մասնակցել հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը, որի մասին համաձայնագիրը կնքվել է  Ճապոնիայի և ՀՀ կառավարությունների միջև 2017 թվականին:

«Սա 1 մլրդ 540 մլն ճապոնական իեն, մոտավորապես 13 մլն 750 հազար  դոլար արժողությամբ Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որն ուղղված է Հայաստանում աղետների կանխման առաջնային շրջաններ հանդիսացող Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական հագեցմանը»,-ընդգծեց դեսպանը: Ի դեպ, Ճապոնիայի դեսպանը ելույթ ունեցավ տպավորիչ հայերենով։ 

Նա հավելեց, որ Հայաստանում հաճախ են լինում բնական աղետներ, ինչը խոչընդոտում է գյուղական վայրերի զարգացմանը, այդ պատճառով Ճապոնիան առաջնային է համարում աջակցել մարզերին:

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոսքով` նոր տեխնիկայի ձեռքբերմամբ փրկարարական աշխատանքի արդյունավետությունը բավականին կբարձրանա: «Մենք 26 հրշեջ մեքենա ունենք Երևանում. դրանք կրկին ճապոնացիներն են մեզ տրամադրել: Այս նոր մեքենաները միայն մարզեր ենք ուղարկում: Օգոստոսին, հավանաբար, կստանանք  ևս 22 մեքենա, որոնք կրկին կուղարկենք Շիրակ, Լոռի և Սյունիք: Ճապոնիայի հետ ևս մեկ ծրագիր ունենք, որի շրջանակում մեզ ուղարկված տեխնիկան կհանձնենք  արդեն չորս մարզի»,-նշեց նախարարը: