Երևան-Եղվարդ հանրապետական նշանակության ճանապարհին արդեն մի քանի օր է «Նաիրի ՃՇՇ»-ն փոսալցման աշխատանքներ է իրականացնում ջրափոսերի վրա: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, NEWS.am-ին տեղեկացրել է քաղաքացի Արկադի Գալստյանը եւ նաեւ տրամադրել տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են ասֆալտում ճանապարհի խոնավ հատվածները:

Նրա խոսքով՝ հորդառատ անձրևից հետո ընկերության աշխատակիցները չեն սպասել, որ ճանապարհի փոսերը չորանան:

«Կոպրեսատորով բերեցին, քանդեցին: Բայց երեկվա անձրևից հետո, ինչ ասես, որ չի լցվել այդ փոսերի մեջ: Անձրևը բերել, հողը լցրել է, ու իրենք էլ, հավանաբար, 0,5 սմ ասֆալտ են լցրել, բայց ըստ չափանիշների՝ պետք է լինի 4-5 սմ»,- ասաց քաղաքացին՝ հավելելով, որ առաջին դեպքը չէ, ընկերությունն ամեն տարի՝ փոսալցման այս տարբերակով է աշխատում։

«Էդպես են անում, որ հաջորդ տարի էլի անեն: Հին ասֆալտը՝ նորին ջրով չի միանա»,- ասաց նա:

NEWS.am-ի հետ զրույցում «Նաիրի ՃՇՇ»-ի գլխավոր ինժեներ Վոլոդյա Նավասարդյանը հերքեց, որ թաց հողին ասֆալտ են արել, ասաց՝ նախ չորացրել են, հետո ասֆալտել։

«Թաց ասֆալտի վրա փոսալցման աշխատանք չենք իրականացրել, վերջին երեք օրը քանի որ խոնավ եղանակ է, աշխատել ենք կոմպրեսով, փչել ենք ու ասֆալտը լցրել»,- ասաց Նավասարդյանը։ Նա նաեւ պնդեց, որ որակով են աշխատում՝ եթե սահմանված է 4-5 սմ, իրենք ավելին են լցնում՝ փոսերը լիարժեք տեսքի բերելու համար:

«4-5 տեղեր կա, որ 6 սմ ենք լցրել: 15 օր է աշխատում ենք այդ տարածքում: Թացի դեպքում՝ բարձր ճնշման օդ ենք փչում, որ լիարժեք չոր լինի»,- ասաց նա: