Այսօր բոլորն ունեն վտանգի կանխազգացում, ահա, թե ինչու ՀՅԴ-ն նախաձեռնել է ֆորումը: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, Ստեփանակետրում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումում իր ելույթի սկզբում նշեց ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Վտանգն այն է, որ մեր ժողովրդի մի մասը ենթադրում է` քանի դեռ պատերազմի վտանգ կա, քանի դեռ մեծաթիվ բանակ պահելու անհրաժեշտություն կա, ուրեմն Արցախը բեռ է, եւ, որքան հնարավոր է շուտ, պետք է ազատվել այդ հարցից»,-ասաց Հրանտ Մարգարյանը՝ հավելելով, որ կա նաեւ մեկ այլ մոտեցում, որ Արցախը հնարավորություն է, ազդակ, որ հայ ժողովուրդն իր գոտին պինդ ձգի:
«Արցախի շնորհիվ է, որ մենք կկարողանանք լավ կազմակերպվել, տնտեսությունը զարգացնել: Արցախի շնորհիվ է, որ մենք կկարողանանք Գանձակն ու Նախիջեւանը ազատագրել: Արցախը Հայաստանի գոյության համար կենսական անհրաժեշտություն է: Վերջին 10-11 տարիների ընթացքում մենք միայն ճիգեր ենք թափել գոյություն պահելու համար, այժմ կարող ենք զարգացման ուղի դուրս գալ:
Սակայն այդ զարգացման ուղի դուրս գալը չենք կարող անել զիջելով: Ամբողջ խնդիրը սա է: Եթե մտածում ենք` կզիջենք, հետո կզարգանանք, կզիջենք, հետո կամրապնդվենք, կզիջենք, հարցը կվերջանա, դա մեծ սխալմունք է: Նվազագույն զիջումն անգամ մեզ կտանի կործանման: Սա չի նշանակում, թե մենք չպետք է բանակցենք: Մենք պետք է բանակցենք, բայց նաեւ հասկանանք` որտեղ է, որ Ադրբեջանը երբեք չի զիջի: Եթե անգամ Ադրբեջանը զիջի, մենք պետք է գիտակցենք, որ այս հակամարտությունը հավերժական է: Ուստի մենք դրան պետք է պատրաստվենք»,- ասաց Հրանտ Մարգարյանը՝ հավելելով, որ եթե սա չգիտակցենք, կկորցնենք Արցախը, հետո` Զանգեզուրը, հետո նաեւ` Երեւանը:
«Պետք է ազգովի այնպես կազմակերպվենք, որ դիմակայենք ու հաղթենք այս գոյամարտում, եւ դա մեր խաչն է, անգամ` եթե այն դարեր տեւի: Վերջերս երկրի թիվ մեկ եւ թիվ երկու դեմքերի կողմից ասվել է, որ եթե շատ եք ուզում պատերազմ, ապա ամեն ընտանիք պետք է պատրաստ լինի զոհ տալ: 5000 ընտանիք զոհ է տվել: Իսկ եթե չտայինք, կյանքից ավելի թանկ բան էինք կորցնելու` հայրենիքը, մեր սերունդների իրավունքն էինք կորցնելու: Ուրեմն չպետք է այդպես վախեցնել մեր ժողովրդին, թե զոհ եք տալու: Դա ապազգային ու ապապետական երեւույթ է: Մինչ այդ պատերազմ մեկնողները գիտակցել են, որ զոհվելու են, բայց առավել թանկ բան են պաշտպանելու: Ուստի պետություն ղեկավարողները պետք է հասկանան, որ հայրենիքն ամեն ինչից կարեւոր է` ժողովրդավարությունից էլ, սեփական կյանքից ու հարստությունից էլ է կարեւոր»,- ասաց Հրանտ Մարգարյանը:
Նա վստահ է, որ հայ ժողովուրդը պետք է կազմակերպվի ու անընդհատ վերապատրաստվի` ստեղծելով պահեստային զորամիավորումներ, որպեսզի պատերազմի ժամանակ չխեղճանանք:











