Անթույլատրելի արարք էր։ Այս մասին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է «Վերջնախաղ Կարմենի հետ» հաղորդման եթերում՝ անդրադառնալով նախորդ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ խաղաղապահ գումարտակի՝ զորամասը լքելու և բողոքի ցույցերին մասնակցելուն դեպքին։

Հարցին, թե ինչո՞ւ նրանք պատասխանատվություն չկրեցին և ավելին, զորամասի հրամանատարը նույնիսկ պաշտոնի բարձրացում ստացավ, նախարարը պատասխանեց. «Անցումային շրջանում ենք գտնվում»։

Նախարարը չբացառեց, որ Մեղրու զորամասի միջադեպը նույնպես կապված է դրա հետ՝ նշելով, որ միջոցներ են ձեռնարկվում հետագայում նման երևույթները բացառելու համար։

«Դրանք իրար հետ ոչ փոխկապակցված գործընթացներ են։ Մի գործընթացն ունեցել է ժողովրդին միանալու բխում, որը համապատասխան ձևով չի կարգավորվել հրամկազմի կողմից։ Եղել են պատասխանատվություն կրողներ, կարգապահական տույժեր են եղել, բայց խնդիրն այն է, որ հասարակության մեջ եղել է անհամաչափ ժողովրդի ցասում, որը նաև պայմանագրային զինծառայողների վրա է արտացոլվել։ Ինչ վերաբերում է Մեղրու դեպքին, այն հանցավոր, բանակին ոչ հարիր դրսևորումների արդյունք էր։ Բայց երկուսն էլ կարգապահությանն են վերաբերում, իսկ երբ կարգապահությանն են վերաբերում, այստեղ միայն իմ կողմից անհանդուրժողականություն է լինելու»,- ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։