Եղել են խոցումներ, որոնք բերել են վիրավորումների. մենք դրանց համապատասխան ձևով արձագանքել ենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ վերջին շրջանում Ադրբեջանի զինուժն ակտիվացել է առաջնագծում, նախարարը պատասխանեց. «Քանի որ սկսվում են երկկողմանի ինժեներական աշխատանքներ, մենք դրա հետ ենք կապում: Ձմռանից հետո, գիտեք, գարնանը որոշ ինժեներական աշխատանքներ են կատարվում, առաջնագիծն աշխուժանում է»:

Նա ընդգծեց, որ Հայաստանի Զինված ուժերը շարունակում են իրենց աշխատանքը՝ ապահովելով երկրի անվտանգությունը. «Մեր նախարարության անունը պաշտպանության նախարարություն է, մենք պետք է շարունակենք եւ ապահովենք անվտանգությունը, բանակցային գործընթացում բարենպաստ պայմաններ ստեղծենք վարչապետի ու ԱԳ նախարարի համար»: