Ես 4 ժամ տեւած նիստից ավելին էի սպասում: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով երեկ՝ մայիսի 27-ին, Դատավորների ընդհանուր ժողովին, որը ԲԴԽ-ին մեղադրեց անգործության մեջ:
Հարցին, թե համամի՞տ է, որ ԲԴԽ-ն է մեղավոր դատական համակարգում ստեղծված իրավիճակի համար, ԱԺ փոխնախագահն ասաց. «Մենք էլ ենք մեղավոր, որ միգուցե օր առաջ պետք է անեինք այն, ինչի մասին խոսում ենք: Բայց Հայաստանում լինելու է անկախ դատարան, որը ենթարկվելու է ՀՀ ժողովրդին եւ օրենքին»:
Դիտարկմանը, որ երբ փոխվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը, Նիկոլ Փաշինյանը հիշեց դատական բարեփոխումների մասին, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Հայաստանում մենք իշխանություն ենք վերջին 5 ամսվա ընթացքում: Եթե դուք բերում եք Քոչարյանի դեպքը, իրեն մի անգամ էլ էին բաց թողել, բա ինչո՞ւ այն ժամանակ չսկսեցինք: Ինչո՞ւ մենակ Քոչարյանի, քանի՞ դատական գործ կա, որ մեր ժողովրդի զայրույթն է առաջացնում: Մարդը կարող էր հարեւանի բակից ցախ գողանար, տանեին բանտ նետեին: Շատ ու շատ մարդկանց ասվում է, թե ինչի մեջ են մեղադրվում ու նրանց ուղղակի ստորագրությամբ բաց են թողնում: Դա մարդկանց զայրույթն է հարուցում: Պետք չէ նշել միայն Քոչարյանի գործը: Բազմաթիվ այդպիսի որոշումներ կան, ուղղակի Քոչարյանի գործը երեւի ամենաաղմկահարույցն էր այն բանի բերումով, որ Քոչարյանի հանդեպ մարդկանց վերաբերմունքը շատ ավելի վատն է, քան ասենք Սերժ Սարգսյանի անվտանգության ղեկավարի քրեական գործով: Եթե չանեինք, մեկ ամիս հետո մեկ ուրիշ վճիռ էր լինելու, ասելու էիք՝ ինչու չեք անում»:
ԲԴԽ-ն չի երաշխավորում դատավորների անկախությունը․ Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությունը











