Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը որեւէ մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու գործիք չէ։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Վստահաբար կարող ենք պնդել, որ սա գործիք չէ մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու։ Ես կարող եմ ասել, որ վարչապետը նկատի է ունեցել, որ կան բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ ապրիլյան պատերազմի հետ կապված, որոնց հանրությունը պետք է տեղյակ լինեն, եւ այստեղ պատգամավորները պետք է կարողանան քննել, պարզել եւ իրենք էլ տեղեկանան»,- ասաց ԱԺ նախագահը։
Պնդումներին, թե քաղաքական նպատակներ է հետապնդում քննիչ հանձնաժողովը, Արարատ Միրզոյանն ասաց. «Ազգային ժողովը քաղաքական մարմին է, եւ այստեղ քաղաքական ուժեր են ներկայացված։ Իհարկե այստեղ որեւէ որոշում քաղաքական է եւ որեւէ վերաբերմունք քաղաքական է, սակայն պետք է հասկանանք՝ դուք քաղաքական ասելով՝ ինչ եք ենթադրում, եթե ինտրիգային, անդրկուլիսյան կոնֆիգուրացիաների կոնտեքստում եք տեսնում, հանձնաժողովն այլ բան է»։
Նա շեշտեց՝ չեն կարող կանխորոշել քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքը. «Կլինեն աշխատանքները, ընթացքում այնպիսի մանրամասներ եւ նրբերանգներ կարող են բացահայտվել, որ․․․․ եւ ըստ այդմ կլինեն հետեւանքները»։
Հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն նշում էր, որ ծանոթացել է ապրիլյանի վերաբերյալ որոշակի փաստաթղթերի հետ, դրանց բովանդակության շուրջ չի՞ խոսել վարչապետի հետ. «Ես տեղեկություն չունեմ, այդ թեմայով չեմ խոսել»։











