ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ելույթ ունենալու համար ամբիոնին մոտեցավ ձեռքին բաժակով մածուն: Նա անդրադարձավ ԱԺ երեկվա նիստին բուհերը քաղաքականացնելու վերաբերյալ Էդմոն Մարուքյան-Հովհաննես Հովհաննիսյան բուռն բանավեճին:

Դանիելյանը նշեց, որ ինքը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է, առաջարկը ստացել է ավելի վաղ, քան արտահերթ ընտրությունների օրն էր որոշված՝ կապված իր գիտական կրթական գործունեության հետ։ Նա ընդգծեց, որ ինքը շատ պատասխանատու է վերաբերվում խնդրին, որ բուհը չքաղաքականացվի։

Ինչ վերաբերում է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի երեկվա ընտրությանը, Դանիելյանը նշեց, որ հոգաբարձուների խորհրդի անդամների մի մասին նշանակում է կառավարությունը եւ եթե այդ կարգավորման հետ խնդիր կա, կարելի է դա էլ քննարկել:

«Երեկ ԵՊՀ ռեկտորի երկու թեկնածու է առաջադրվել, երկուսին էլ առաջադրել են հոգաբարձուների խորհրդի այն անդամները, որոնք ներկայացնում են պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Նրանցի մեկն ընտրվել է:

Բարձր ստանդարտներից, շահերի բախումից է խոսում պարոն Մարուքյանը, բայց այդպես էլ չասեց՝ թեկնածուներից որեւէ մեկի հետ առնչություն ունի՞, թե՞ չէ: Ես երկուսի հետ էլ որեւէ անձնական կապ չունեմ»,-ասաց նա։

Համազասպ Դանիելյանը նշեց, թե Էդմոն Մարուքյանը «հա՛մ նալին է խփում, հա՛մ մեխին», երբ ասում է, որ պառլամենտի թեմաների ժամանակ չպետք է օգտագործել այլ թեմաներ։

«Երբ ինքը ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի մասին անհարկի քաղաքականացնում էր, եւ պատասխան ստացավ այս ամբիոնից, վրդովվեց, թե ինչու եք այս ամբիոնն օգտագործում այլ հարցերի համար»,-ասաց նա:

Դանիելյանն անդրադարձավ նաեւ Մարուքյանի հայտարարությանը, թե ՍԴ դատավորի ընտրության քվեարկության ժամանակ քվեաթերթիկի վրա «Չակ Նորիս» գրողը «Իմ քայլից» է եղել. «Դուք երաշխիք ունե՞ք, որ «իմքայլական» է եղել գրողը: Փակ գաղտնի քվեարկություն է եղել: Երաշխիք ունե՞ք, որ ձեր խմբակցությունից որեւէ մեկը դա չի արել, կամ դուք չեք արել՝ հետո շոու սարքելու համար: Սա ի՞նչ մոտեցում է»:

«Իմ քայլի» պատգամավորը նաեւ հիշեցրեց երկու օր առաջ այս ամբիոնից «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի ելույթը, ով ասում էր, որ պետք է ժամանակ չվատնենք, կառուցողական լինենք, կամուրջներ կառուցենք։ «Կամուրջներ ինչպե՞ս կառուցես այն մարդկանց հետ, ում խոսքը հավասարվում է ջրի: Ջրի վրա կամուրջ չեն կառուցում»,-ասաց նա եւ եւս մեկ անգամ կոչ արեց, մնալ կառուցողականության եւ փաստերի շրջանակներում։

«Ի վերջո՝ ի՞նչ կմնա «կլասիկ» պատգամավորից, եթե այդ պատգամավորը կլասը քցի եւ կլասը վերանա, տակը ի՞նչ կմնա»,-ասաց նա եւ բացատեց, թե ինչու է ամբիոնին մոտեցել մեկ բաժակ մածունով։

«Քանի որ դուք սիրում եք փերֆորմասներ, կոստյում եւ այլն, ես սրանով ձեզ կոչ եմ անում այս աշխատանքային միջավայրը չթունավորել»,-ընդգծեց նա։