Բանկից ներկայացված քաղվածքի նպատակը վերջ դնելն է այն խոսակցություններին, թե ինչ–որ մեկը կարող է ՀՀ–ում ինձ ինչ–որ բան նվիրել կամ իմ տեղն ինչ–որ բան առնել։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Եթե մարդիկ կան, որոնք այդպիսի բան են պնդում, ես կարող եմ բանկի տեղը ցույց տալ, գնան, վճարումներն անեն։ Նպատակը եղել է այդ մարդկանց բերանները փակելը»,–նշեց նա։
Դանիել Իոանիսյանի այս հայտարարությունը, ԱԺ փոխնախագահի համոզմամբ, պայմանավորված է իր քաղաքական ակտիվ գործունեությամբ, որը, Ալեն Սիմոնյանի կարծիքով, շատերին նյարդայնացնում է։
Դիտարկմանը, թե այս քայլը սորոսականների կողմից հակասորոսականների դեմ իրականացվող ակցիա է, նա պատասխանեց. «Պետք չէ կիսել սորոսականների ու հակասորոսականների, պետք է որակների կիսել, սա թամբալ, ոչ կոմպետեմնտ մարդկանց աշխատանք է, որոնցից ես սպասում եմ ներողությունն ու հրապարակային հերքումը»։
Ալեն Սիմոնյանը, սակայն, ընդունում է, որ մի հարցում վրիպակ է եղել իր կողմից. «Դանիել Իոանիսյանն ասում էր, որ վարկային միջոցները չեն ավելացել, ես ապացուցեի, որ ինքը սխալ է։ Անգրագիտություն եմ համարում նաեւ այն, որ չեն համեմատում պաշտոնամուտի ժամանակ եւ ԿԸՀ ներկայացված հայտարարագրերը, դրանք չի կարելի համեմատել եւ դրանից ելնելով եզրակացություններ անել։ Բացի այդ նա պետք է սպասեր մայիսի 31-ը լրանար եւ 10 օրյա ժամկետում հայտարարագիրը հրապարկվեր կայքում։ Միակ բանը, որ ընդունում եմ, որ վրիպակ է տեղի ունեցել, ես պետք է հին մեքենան գրանցեի, քանի որ խոսքը գնացել է ամբողջ տարվա մասին, իսկ ես հայտարարագրել եմ այն, ինչ փաստացի իմ ձեռքում է եղել»։
Դատարան դիմելու մասին հարցին ԱԺ փոխնախագահն ասաց. «Ես սպասում եմ հրապարակային հերքմանը»։
Ալեն Սիմոնյանը շեշտումէ՝ ինքը Դանիել Իոանիսյանին անլուրջ է վերաբերվում. «Ինչո՞վ է հայտնի Դանիել Իոանիսյանը՝ այստեղ թերի ներկայացված ընտրական օրենսգրքո՞վ, որը ես փորձում էի պաշտպանել, բայց շատ դժվարությամբ էի պաշտպանում, եւ դպրոցի տնօրենին հեռախոսազանգո՞վ, թե հայտարարություններով, որոնք չեն հաստատվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դանիել Իոանիսյանը հայտարարել էր, որ Աժ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով 2018թ. ներկայացրած հայտարարագրերում ունեցվածքի մասին տվյալները կեղծ են, եւ դա, հնարավոր է, արվել է ապօրինի հարստացումը թաքցնելու համար։
Հավելենք, որ Ալեն Սիմոնյանը բանկից քաղվածք էր ներկայացրել վարկային գծի մասին։











