Հայաստանում գործող «Բաց հասարակությունների գրասենյակ» հիմնադրամը փակելու պահանջով «ՎԵՏՕ» շարժման բողոքի ակցիան քիչ առաջ ավարտվեց։
«Այսօր սահմանափակվենք այս ակցիայով, մնացած ակցիաների մասին նախապես տեղյակ կպահենք. չենք ուզում բաժանվել, բայց պետք է բաժանվենք»,– ոստիկաններին ասաց շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը: Մալյանն ասաց, որ ցույցեր եւ տարբեր ակցիաներ էլի կազմակերպվելու են. «Մենք ձեր դեմքերը լավ հիշում ենք, եւ կրկին կհանդիպենք»։
Նշենք, որ ոստիկանները պատնեշ էին կազմել «Բաց հասարակությունների գրասենյակի» հիմնադրամի դիմաց, եւ թույլ չէին տալիս ակցիայի մասնակիցներին մոտենալ հիմնադրամին: Նրանց միջեւ տեղի ունեցավ քաշքշուկ, 3 անգամ մասնակիցներն ապարդյուն փորձեցին ճեղքել պատնեշը։
«Ըմբշամարտի սիրահարներին հրավիրում եմ այստեղ, այստեղ ոստիկանության հետ ըմբշամարտով ենք զբաղվում»,- ասում էր բողոքի ակցիայի նախաձեռնող Նարեկ Մալյանը:
Ըստ Մալյանի՝ մինչեւ վերջին 1 տարին հիմնադրամն իրենից որեւէ վտանգ չէր ներկայացնում.
«Սերժ Սարգսյանի ժամանակով ես մի քանի անգամ դիմել եմ, որպեսզի կոշտ մեթոդների դիմեն, սակայն մերժվել եմ: Նախկին իշխանությունը թույլ գտնվեց այնքան, որ թույլ տվեց՝ այս գործակալական ցանցը զարգանա եւ ուժեղանա այնքան, որ իրենց «խժռի»: Այդ մարդիկ արդեն վերցրել են իշխանություն: Իրենք ոստիկաններին բերել այստեղ կանգնեցրել են, ու ոստիկաններն էլ չգիտեն, թե ինչու են եկել: Իմ հաշվարկներով՝ Ազգային Ժողովում կա 14 պատգամավոր, ովքեր հրահանգ են ստանում այս գրասենյակից»,- ասաց Մալյանը եւ ավելացրեց, որ նախորդ իշխանությանը կարելի է բազմաթիվ մեղքերի մեջ մեղադրել, բայց ինքը չի տեսել որեւէ նախարարի, որը տրանսգենդերի ընդունի ու երաշխիքներ տա:
Հարցին՝ արդյոք ինքը ֆինանսավորվում է այս ակցիան իրականացնելու համար, Մալյանը պատասխանեց, որ իրեն ոչ ոք չի ֆինանսավորում.
«Ի՞նչ ֆինանսի մասին է խոսքը, էս մայկես բերել ա Բելգիայի էն ակտիվիստը, էս բարձրախոսը 15 հազարով՝ 10 հոգով փող հավաքեցինք, առանք: Ես էլ գործազուրկ եմ 2017 թվականից»,- ասաց նա:
Նշենք, որ «ՎԵՏՕ» շարժմանն իր աջակցությունն է հայտնել Yellow Vest (Դեղին ժիլետներ) ցույցերի կազմակերպիչ, ազգությամբ հայ Քրիս Բերտերյանը, «Ադեկվադ» կուսակցությունը, Ռամկավար ազատական կուսակցությունը եւ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն:
Հիշեցնենք, որ նմանատիպ ակցիա «ՎԵՏՕ» շարժման մասնակիցները իրականացրել էին նաեւ մայիսի 31-ին. ոստիկանությունը կրկին թույլ չէր տվել մոտենալ գրասենյակին:











