Մերձմոսկովյան Պուտիլկովոյում նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ կասկածվողների ձերբակալությունը տեսանկարահանվել է: Հոլովակը հրապարակել է «360» ալիքը: 

Կադրերում երեւում է, թե ոստիկանության աշխատակիցներն ինչպես են ներխուժում ծեծկռտուքի ենթադրյալ մասնակիցների բնակարաններ: Կասկածյալներից ոչ մեկը չի դիմադրել:

«Մերձմոսկովյան ոստիկանության աշխատակիցները կարճ ժամկետում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել եւ Մոսկվայում ժամանակավոր բնակության հասցեներում ձերբակալել են 2 կասկածյալներին, որոնք ծագումով ԱՊՀ երկրներից մեկից են»,- հաստատել է մերձմոսկովյան ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Տատյանա Պետրովան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քննիչները հարցաքննել են ավելի քան 50 վկաների: Արդյունքում ձերբակալվել է ծագումով Հայաստանից 2 մարդ:

Ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի գիշերը Կրասնոգորսկի մոտ: ԳՀՎ նախկին հատուկջոկատայինը մահացել է սրտին դանակի հարվածից, երբ փորձել է փրկել տղամարդուն, որին մի քանի հոգով ծեծում էին: