Աբովյան քաղաքի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի հաղթանակի շանսերը մեծ են։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Աբովյանում քայլերթի ժամանակ ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Շանսերը շատ են, արտակարգ, հաղթական, որովհետեւ դասական քարոզարշավ ենք արել, խոսել ենք այն բացթողումներից, որ գործող քաղաքապետը թույլ է տվել գոնե այս 4 տարիներին, ինչպես նաեւ ՔՊ-ի թեկնածուն տարածքային կառավարման ինստիտուտի ներկայացուցիչ է, ինստիտուցիոնալ առումով առողջ դիսկուրս է գնացել՝ քաղաքական, կառավարչական, իրավական հարթություններում, առարկայական քննադատություն է եղել»,- նշեց նա։
Նա հերքեց գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի պնդումը, թե ինքը որպես մարզպետ հաճախ միջամտում է գործընթացին. «Թող մատնացույց անի գեթ մեկ դրվագ, որ ես՝ որպես մարզպետ, միջամտել եմ, ես՝ որպես ՔՊ վարչության անդամ քարոզարշավի կիզակետում եմ, եւ արձակուրդ եմ վերցրել, որ օրենքի սահմանված կարգով իմ լիազորությունները չզուգորդվեն քարոզարշավին, այս կոնտեքստում ես բացառում եմ որեւէ լծակի կիրառում։ Այս ՏԻՄ ընտրություններում ոչ ոք չի կարող մատնանցույց անել, որ որեւէ վարչական ռեսուրս մարզային ենթակայության որեւէ հաստատությունում կիարառվել է։ Դա նաեւ մեր պատվի, մեր քաղաքական թիմի արժանապատվության հարցն է»։
Մարզպետը պնդեց, որ քայլերթի որեւէ իրազեկում չի արվել, քայլերթի մասնակիցները ՔՊ–ականներ են եւ քաղաքացիներ, որոնք ինքնաբուխ միանում են։
Հարցին՝ ընտրությունների նախօրեին մարզպետի ներկայացրած փաստերով քրեական գործերի հարուցումը ճնշում չէ՞ արդյոք գործող քաղաքապետի նկատմամաբ, Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Աբովյանում մենք ընդդիմություն ենք, քանի որ գործող քաղաքապետը ԲՀԿ-ի գիծն է պաշտպանում, քաղաքական սաբոտաժ է անում, իսկ քրեական գործի հարուցումը վերհանված այն փաստերն են, որոնք տեղ են գտել Աբովյանի քաղաքապետի գործունեության շրջանում, ինչն անընդունելի է»։
Հիշեցնենք, որ Աբովյան քաղաքի հունիսի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու։
Ընտրություններին ընդառաջ քարոզարշավը թեժ է հատկապես երկու թեկնածուների՝ իշխանության աջակցությունը վայելող Գրիգոր Գուլյանի եւ գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի միջեւ։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ հունիսի 9-ի ընտրություններում իշխանությունը սատարելու է Գրիգոր Գուլյանի թեկնածությունը: Գուլյանն այս պահին զբաղեցնում է Կոտայքի մարզպետարանի ֆինանսական եւ Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնը:
Ավելի վաղ թերթերից մեկը գրել էր, որ Աբովյանի ընտրությունները ՔՊ–ի համար դարձել են կենաց–մահու պայքար։ Արձակուրդ է գնացել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որպեսզի օգնի իրենց թեկնածուին, Փաշինյանը կարգադրել է «Իմ քայլի» պատգամավորներին օգտագործել իրենց ունեցած անձնական կապերն ու ծանոթությունները ՔՊ թեկնածուի հաղթանակն ապահովելու համար։
Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, որի թեկնածությունը 2015 թվականին սատարում էր ՀՀԿ–ն ու ԲՀԿ-ն, վստահ է, որ իր ղեկավարման տարիները հաջողված են եղել եւ աբովյանցիները իրենից գոհ են. «4 տարի աշխատում եմ Աբովյան համայնքի ղեկավար, գոնե այս պահին համայնքը բյուջեին ոչ մի լումա պարտք չունի, 4 տարիների ընթացքում ունեցել ենք 100 տոկոս եւ բարձր կատարողական, բացի այդ էլ համագործակցում են մի շարք միջազգային կազմակերպությունների, մարզային իշխանությունների, կառավարության հետ»։
Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել են նաեւ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանը։











