Աբովյանի քաղաքապետ Վահագն Գրիգորյանը կամք չդրսեւորեց կառավարության համաֆիաննսավորմաբ որեւէ ծրագիր ներկայացնելու հարցում։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Աբովյան քաղաքի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ հայտարարելով, որ հեղափոխությունը Աբովյան չի հասել։

«Երկար տարիներ մեր քաղաքում իշխող կուսակցությունը ԲՀԿ-ն է եղել, քանի որ գիտեք՝ գործող քաղաքապետին ընտրությունների ժամանակ աջակցել է ԲՀԿ-ն»,– նշեց նա։

Այն տեղեկություններին, թե մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն է առաջարկել իր թեկնածությունը, Գուլյանն ասաց. «Մեզ մոտ առողջ մթնոլորտ է, քաղաքական թիմի շրջանակներում 5 անուն է շրջանառվել քաղաքապետի թեկնածուի համար: Ներկայացվել է իմ թեկնածությունը, վարչության որոշմամբ առաջադրվել եմ»:

Իսկ լուրին, թե ՔՊ անդամ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը դեմ է եղել նրա թեկնածությանը, հրաժարվեց արձագանքել. «Իմ թեկնածությունն առաջադրել է ՔՊ վարչությունը, ես չգիտեմ, թե վարչությունն ինչպես է ընտրել»:

Գուլյանը վստահություն հայտնեց՝ իր երկարամյա փորձն է հաշվի առնվել իր թեկնածությունն առաջադրելիս.

«Հաշվի առնելով իմ երկարամյա աշխատանքային փորձը ՏԻՄ-ում՝ մոտ 10 ամիս է՝ աշխատում եմ մարզային կառույցում, իմ թեկնածությունն առաջադրվել է ու հաստատվել»։

Նրա համոզմամբ՝ Աբովյանում տարիների բազմաթիվ խնդիրներ են կուտակվել. «Խնդիրները բազմաթիվ են, տարիներ շարունակ անգործություն է մատնվել, խնդիրները կուտակվել են, ու դրանցից առաջնայինն ու ոչ առաջնայինը առանձնացնել չենք կարող»։

Հիշեցնենք, որ Աբովյան քաղաքի հունիսի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու։

Ընտրություններին ընդառաջ քարոզարշավը թեժ է հատկապես երկու թեկնածուների՝ իշխանության աջակցությունը վայելող Գրիգոր Գուլյանի եւ գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի միջեւ։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ հունիսի 9-ի ընտրություններում իշխանությունը սատարելու է Գրիգոր Գուլյանի թեկնածությունը: Գուլյանն այս պահին զբաղեցնում է Կոտայքի մարզպետարանի ֆինանսական եւ Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնը:

Ավելի վաղ թերթերից մեկը գրել էր, որ Աբովյանի ընտրությունները ՔՊ–ի համար դարձել են կենաց–մահու պայքար։ Արձակուրդ է գնացել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որպեսզի օգնի իրենց թեկնածուին, Փաշինյանը կարգադրել է «Իմ քայլի» պատգամավորներին օգտագործել իրենց ունեցած անձնական կապերն ու ծանոթությունները ՔՊ թեկնածուի հաղթանակն ապահովելու համար։

Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, որի թեկնածությունը 2015 թվականին սատարում էր ՀՀԿ–ն ու ԲՀԿ-ն, վստահ է, որ իր ղեկավարման տարիները հաջողված են եղել եւ աբովյանցիները իրենից գոհ են. «4 տարի աշխատում եմ Աբովյան համայնքի ղեկավար, գոնե այս պահին համայնքը բյուջեին ոչ մի լումա պարտք չունի, 4 տարիների ընթացքում ունեցել ենք 100 տոկոս եւ բարձր կատարողական, բացի այդ էլ համագործակցում են մի շարք միջազգային կազմակերպությունների, մարզային իշխանությունների, կառավարության հետ»։

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել են նաեւ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանը։