Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պետք է հրաժարական տա։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Աբովյանում քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հաղթանակում նորմալ իրավիճակից որեւէ շեղում չեմ տեսնում։ Ժողովրդավարությունն այն է, որ ժողովուրդը իր քվեարկությամբ որոշում է թե ով է կառավարելու տվյալ համայնքը»,–նշեց նա։
Մարուքյանի համար ավելի մտահոգիչ է ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշը. «Ինձ համար ավելի մտահոգիչ է մասնակիցների ցածր թիվը։ Ստացվում է՝ ՀՀ քաղաքացիներն իրենց մեկ ձայնի արժեքը չեն արժեւորում այնպես, ինչպես պետք է արժեւորեն։ Ինչ վերաբերում է ընտրություններից հետո եղած վիճակին, կարծում եմ, որ դա արդյուքն է այն բանի, որ մենք դեռեւս ունենք հեղափոխություն–հակահեղափոխություն մոտեցումը։ Որեւէ քաղաքի ընտրություն պետք չէ կապել հեղափոխության հետ այլեւս, որովհետեւ եթե կապում ենք դրա հետ, ասում են՝ տեսաք կրվեց հեղափոխությունը։ Հիմա ովքեր կապում են հեղափոխության հետ, տեսան, որ պետք չէ կապել հեղափոխության հետ մի քաղաքի ընտրությունը»։
Պատգամավորը նորմալ է համարում, որ իշխանության թեկնածուն պարտվեց. «Դուք մտածում եք, որ իշխանությունը բոլոր տեղերում պետք է հաղթի՞»։
Դիտարկմանը, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պնդում է, որ «քրեաօլիգարխիկ մեկն է հաղթել Աբովյանում», Մարուքյանը կարծիք հայտնեց, որ վարչապետի խոսքից հետո պետք չէ մեջբերել մարզպետի խոսքերը. «Կարծում եմ մարզպետը ընդհանրապես իր պահվածով փչացեց ընտրությունները, կարծում եմ՝ լավ կանի հրաժարական տա, բայց իրենց թիմն է որոշում, ընտրություններին պետք չէ կյանքի ու մահու կռվի մոտենալ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հանգիստ ընտրություններ ունենանք։ Հեղափոխությունն հաղթել է եւ մենք ապրում ենք նոր իրավիճակում»։
Մարուքյանը տարակուսած է նաեւ, որ Ռոմանոս Պետրոսյանի ու վարչապետի խոսքերը չեն համընկնում. «Իր ու վարչապետի ասածն իրար չեն բռնում, ինքը ներկայացնում է կառավարությանը, պաշտոնատար անձիք սահմանափակված են իրենց հայտարարություններում»։
Նա շեշտում է՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի օրինակը մարդիկ աչքի առաջ ունեցել են. «Աբովյանցիներն իրենց համար ընտրել են քաղաքապետ, Նիկոլի ընտրությունը չի եղել: Կապանի ընտրությունների օրինակով նայենք, այնտեղ էլ նույն իշխանությունը պարտվեց, հետո իշխանությունը 70 տոկոս ձայն տարավ: Հետեւաբար, մի նայեք այդ շրջանակներում: Մարդիկ վերջին հաշվով Երեւանի փորձը իրենց աչքի առաջ ունեն: Երեւանում քաղաքապետի ընտրություններին չեն ընտրել քաղաքապետ, այլ ընտրել են հեղափոխությանը, որպեսզի ցրվի խորհրդարանը, որպեսզի հաստատվի հեղափոխությունը եւս մեկ անգամ, վերջում պարզվում է, որ քաղաքապետը, որից շատ դժգոհ են, տարրական բան՝ աղբն էլ չեն կարողանում հավաքել: Աբովյանը Երեւանին կպած քաղաք է: Էտ մարդիկ էլ տեսնում են, եւ բնականաբար, կարող են այդ մտահոգությունները ունենալ»։











