Գեղամ Պետրոսյանը այս պահին ցուցմունք չի տալիս։ Այս մասին այսօր՝ հունիսի 10–ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ 70-ամյա Գեղամ Պետրոսյանի կալանավորմանը։

Նա նշեց, որ ՀՔԾ–ն ապացույցների բավարար համակցությամբ է Գեղամ Պետրոսյանին մեղադրանք առաջադրել, իսկ դատարանն էլ արձանագրել է, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ տվյալ անձը կատարել է այդ  արարքը։

Հարցին, թե ճի՞շտ է, որ Գեղամ Պետրոսյանը որպես վկա ցուցմունք է տվել և հայտարարել, որ մարտի մեկին բանակը ներգրավել է քաղաքական գործընթացներին, Խաչատրյանն ասաց

«Չեմ կարող այդ մասը հրապարակել, բայց որքանով ինձ հայտնի է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները այդ մասին բարձրաձայնել են, այսինքն բաց աղբյուրներում այդ տեղեկությունները կան և ես դրանք չեմ հերքում»:

Հարցին, թե հնարավո՞ր է խնդիրներ առաջանան մարտի մեկի 10 սպանությունների հեղինակներին բացահայտելու հարցում, Խաչատրյանն ասաց.

«Իհարկե բարդություններ կան, անցել է շուրջ 11 տարի, մենք գիտենք, որ բազմաթիվ իրեղեն ապացույցներ են կեղծվել, որոնք վկայող բազմաթիվ ապացույցներ կան, ինչն օբյեկտիվորեն դժվարեցնում է մեր աշխատանքը, բայց նաև, ես մի առիթով ասել եմ՝ ես լավատես եմ, մեր ամբողջ ծառայութնունը լավատես է և մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր սպանությունների, դեպքի բոլոր հանգամանքները բացահայտվեն»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գեղամ Պետրոյսնաին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 10 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով):