Ընտրական գործընթացը տեղի է ունեցել օրենքի տառին համապատասխան: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հունիսի 9-ին ՀՀ 23 համայնքներում, այդ թվում Աբովյան քաղաքում տեղի ունեցած ընտրություններին:

«Աբովյանցիների մեծամասնությունը չնայած փոքր տարբերությամբ, կատարել է իր ընտրությունը եւ մենք պարտավոր ենք հարգել այդ ընտրությունը»,-ասաց Աղաջանյանը:

Դիտարկմանը, թե կարելի՞ է արձանագրել, որ իշխող թիմի վարկանիշը նվազում ՝ հաշվի առնելով, որ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» ստացել էր 70 տոկոսից ավելի քվե, իսկ այժմ իշխող ուժի թեկնածուն պարտվեց Աբովյանում, նա արձագանքեց. «Ես այդպես չեմ կարծում, որովհետեւ վստահաբար խորհրդարանական ընտրություններն իրենց տրամաբանությամբ եւ ծավալով, մասշտաբայնությամբ տարբերվում են ՏԻՄ ընտրություններից: Միանշանակ է, որ ՏԻՄ ընտրությունները ունեն որոակի առանձնահատկություն: Մասնավորապես, անձնական գործոնը մեծ դեր ունի եւ միգուցե տեղային որոշ անձանց կամ խմբերի ազդեցությունն այս ընտրություններում ավելի մեծ դեր ունի»:

Հարցին, թե ո՞ւմ եք ակնարկում, Աղաջանյանն արձագանքեց. «Ես ընդհանրապես եմ ասում, տվյալ պարագայում, արդեն, կարծում եմ՝ դուք գիտեք»:

Նա անդրադարձավ նաեւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը, թե հեղափոխությունն Աբովյան չի հասել. «Ես կարծում եմ, որ մարզպետը նկատի ուներ այն, ինչ ես ասացի: Մասնավորապես, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ քաղաքներում, գյուղերում այդ ազդեցությունները թերեւս շատ ավելի ուժեղ են, քան համապետական ընտրությունների ժամանակ»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հավելեց, որ իրենք դեռեւս պետք է վերլուծեն այս ընտրությունների արդյունքները եւ համապատասխան հետեւություններ անեն. «Վստահաբար, միայն մեկ հանգամանք չէ, որ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»: