Վերջին շրջանում մեր լեզվամտածողություն շատ սահուն կերպով մտավ վեթինգ բառը։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, Ազգային ժողովի իր ելույթում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Իհարկե, 1 օր վեթինգն իր դիրքերը զիջեց հայտնի բոլոլային, սակայն  1 օր հետո «վեթինգ» բառը վերականգնեց իր դիրքերը մեր լեզվամշակույթում։ Բոլորը խոսում են վեթինգից, բայց երբ փորձում ես հասկանալ վեթինգը Հայաստանում ինչ գործիքներով, ինչ գործիքակազմով, ինչպես է իրականացվելու, այդ հարցի պատասխանը որեւէ կերպ, որեւէ մեկից մենք այսօր չկարողացանք ստանալ»,–նշեց նա։

Պատգամավորը շեշտեց՝ չի կարողացել հասկանալ վեթինգի իրականացման գործիքակազմը.  «Փորձեցի «գուգլով» հասկանալ, թե ինչպես են տարբեր երկրներ իրականացրել վեթինգը եւ միայն Արգենտինայի օրինակն էր որպես շատ արդյունավետ։  Շատ է խոսվում Ալբանիայի օրինակի մասին, որ իբր լավ է եղել եւ որին աջակցել է Վենետիկի հանձնաժողովը, բայց  ես խոսել է Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ, որոնք նշում են, որ անձնապես գոհ չեն վեթինգի արդյունքներից»։

Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ վեթինգի նախագիծը Հայաստանում չի գրվում.

«Տպավորությունս այն է, որ վեթինգը Գոդոյի նման բան է, որի մասին բոլորը լսել են, որին բոլորը սպասում են, բայց որեւէ մեկը չի տեսել։ Երբ մեծամասնությունից փորձում ենք ստանալ օրենքի նախնական նախագիծը, երբ ասում են արդեն իսկ նախագիծը կա՝ կտրամադրվի, նորից չենք կարողանում ստանալ։ Այստեղից եզրակացություն կարող ենք անել, որ վեթինգի մասին այդ նախագիծը այստեղ չի գրվում, այլ այնտեղ, որտեղից ակնկալում ենք ստանալ այն գումարները, որոնք պետք է տրվեն դատավորներին, որպեսզի նրանք չլինեն այլեւս կաշառակեր: Բայց մեխանիզմներն, թե ինչպես է իրականացվելու դա Հայաստանում, չկա համապարփակ պատկերացում որեւէ մեկի մոտ»։

 

Պատգամավորը կասկածի տակ չի դնում, որ դատաիրավական համակարգը փոփոխությունների կարիք ունի, բայց զգուշացնում է՝ եթե քաղաքական ենթատեքստ է դրվելու վեթինգի գործընթացում, ապա ոչ մի լավ արդյունք չի գրանցվելու. «Այն որ մեր դատաիրավական համակարգն այլասերված է, դա փաստ է, որի մասին խոսել եմ թե՛ որպես լրագրող, թե՛ որպես պատգամավոր։ Մեզ օդի պես անհրաժեշտ է փոխել այլասերված դատաիրավական համակարգը, բայց որքան անհրաժեշտ է փոխել, նույնքան կարեւոր է լինելու, թե ինչ մեխանիզմներով են այդ գործընթացը իրականացվելու։ Եթե լինելու են քաղաքական նրբերանգներ, ենթատեքստեր, ապա ունենալու ենք շատ վատ արդյունք, այնպիսին ինչպես Ռուանդայում էր, որտեղ վեթինգ է իրականացվել, որտեղ ներքին ցեղասպանություն էր տեղի ունեցել, որտեղ քաղաքական վենդետա  էր իրականացվում»։

Նա նաեւ շեշտում է՝  «չի ուզում, որ վեթինգը վերածվի վհուկների որսի, եւ ցանկանում է, որ վեթինգը լինի իրավական գործիքակազմով». «Վեթինգն այնպիսի պատվանդանի վրա ենք դրել, որ բոլորը նրանից սպասում են իրենց փրկությունը։ Տվեք այդ տեսլականը մարդկանց, որ նրանք հասկանան, թե ինչ գործընթացի մասին է, ինչ ենք ակնկալում վեթինգի գործընթացից»։

Նաիրա Զոհրաբյանը նաեւ դժգոհեց, որ վեթինգի իրականացման մասին հստակ պատասխաններ չլսեցին ԲԴԽ անդամի թեկնածու Վիգեն Քոչարյանից, սակայն շեշտեց դրական են տրամադրված նրա թեկնածության հարցում, քանի որ վատ պատմություններում նա ներգրավված չի եղել. «Բայց արդյո՞ք դա բավարար է այդ պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու համար, սա հարց է, որ դուք ինքներդ պետք է մտածեք»։