Ես չէի ասի, որ նոր կառավարության գալով տնտեսական քաղաքականության ուղղությունը փոխվել է: Այս մասին Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով, վերջին տասը տարիներին բոլորը խոսում են արտահանմանը միտված տնտեսական աճի մասին, հիմա էլ են նույնը խոսում. «Բոլորը խոսում են, որ առաջնորդող պետք է լինեն այն ոլորտները, որտեղ կան մրցակցային առավելություններ: Հիմա էլ են դրա մասին խոսում: Իսկ ի՞նչ պետք է անել. Կարծում եմ՝ բացի մուտքի խոչընդոտների վերացումից, որը շատ լավ է, տնտեսվարողները նաեւ ակնկալում են որոշակի որոշումների կայացում, մակրոտնտեսական քաղաքականության խելամիտ իրականացում»,-ասաց նախկին նախարարը:

«Մեզ մոտ բավականին շատ աճում են վարկերը, որոնք հիմնականում սպառողական բնույթի են եւ գնում են ոչ արտահանելի հատված: Սա իրականում վտանգավոր է: Եթե մենք հետագայում արդյունաբերությունից, այլ ոլորտներից չունենանք տնտեսական ակտիվություն, տնտեսական աճ, ես կարծում եմ՝ այս վարկերի աճը վտանգավոր է լինելու:

Ներդրողները նշում են, որ մտահոգված են, ուզում են անընդհատ լսեն տնտեսական զարգացման մասին, տնտեսական քաղաքականության մասին, առաջիկա 5 տարում ինչ է լինելու, ՀՆԱ-ն ինչպես է աճելու, որ ճյուղերն են գերակայող լինելու եւ այլն: