ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 22-ին, Տավուշի մարզում տեղական արտադրանքի ցուցադրության ժամանակ մոտեցավ տաղավարներից մեկին, որի մոտ կանգնած էր Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
«Սա կծոխուր ա»,-հարցրեց Փաշինյանը, ինչին Արամյանը պատասխանեց, որ այն մյուսն է կծոխուր, իսկ մյուսը հապալաս է:
Փաշինյանը համտեսեց կծոխուրը եւ նշեց, որ որքան իրեն հայտնի է՝ դեղնախտով հիվանդ երեխաների համար այն շատ օգտակար է. «Երբ ես փոքր էի, հիվանդացել էի, ամբողջ օրը զոռով կծոխուր էին ուտացնում: Եթե անկեղծ ասեմ, վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ հանդիպեցի կծոխուր»:
Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ներկայացրեց միջնադարյան մի խմիչք, որը պատրաստում են 40 տեսակի ծաղիկներից:
«Բաղադրությունը սրբազանը չի ասի»,-կատակեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Փաշինյանը հարցրեց՝ կենացով են խմում, թե առանց կենացի, ինչին սրբազանը կատակով պատասխանեց. «թաքուն են խմում»:
Իսկ երբ սպիտակ մեղր հյուրասիրեցին վարչապետին ու նա հարցրեց, թե ինչպես են այդպես սպիտակ ստանում, սրբազանը նորից կատարկեց. «խորանի տակ ենք դնում»:











